168.am-ը գրում է․

Համացանցում քաղաքացիները լուսանկարներ էին տարածել՝ նշելով, թե Երևանյան լիճը ցամաքել է:

Երևանի քաղաքապետարանից 168.am-ին հայտեցին, որ ջրամբարն ամեն ոռոգման սեզոնի ավարտին դատարկվում է՝ տեխնիկական սպասարկման, մաքրման համար: Դրան գումարած՝ այս տարի, քանի որ սկսվել է առափնյա հատվածների բարեկարգումը, պետք է արևային վահանակներ տեղադրվեն:

«Ջուրն այս պահին որևէ նպատակի չի ծառայում, ոռոգման սեզոնն ավարտվել է: Աշխատանքներ են կատարվելու, և արևային վահանակները որ դրվեն՝ բետոնը պետք է չորանա, ու հենց ամբողջովին չորացավ՝ ջուրը կրկին կլցնեն»,- մանրամասնեցին Քաղաքապետարանի լրատվական վարչությունից:

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ նշեց, որ պարբերաբար սա արվել է, արտառոց ոչինչ չկա այստեղ՝ լիճը ցամաքեցվում է հատակը մաքրելու համար:

«Հատակն ահավոր կեղտոտ է, ամեն ինչ կա այնտեղ:  Մի քանի տարի առաջ, որպես կազմակերպության փորձագետ՝ փորձ արեցինք մաքրել, բայց դա ի՞նչ պետք է լիներ՝ հասարակական կազմակերպության մակարդակով: Եվ այո, ժամանակավոր ցամաքեցումը դրական էֆեկտ կունենա մաքրման հարցում»,- նշեց բնապահպանը:

Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանյան լճի հարակից տարածքում ընթանում է հանգստի գոտու շինարարությունը: Համայնքի նախաձեռնած ծրագրով դեռևս 1970թ. կառուցված Երևանյան ջրամբարը ոչ միայն կառանձնանա նոր հնարավորություններով, այլև լիարժեքորեն կծառայի բուն գործառույթին՝ լուծելով բնապահպանական խնդիրներ: Մինչև հանգստի գոտու ստեղծումը՝ Երևանյան լիճը նախ մաքրվել է շուրջ 50 տարվա աղբից, տարածքից տեղափոխվել է  շուրջ 650 մեքենա աղբ, մաքրվեց 8 հա տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել