Hraparak.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի աշխատող կամ հրահանգիչ (տարբեր վարկածներ են շրջանառվում, իրական հիերարխիան դժվար է իմանալ) Դանիել Իոաննիսյանը  Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին ընդառաջ թվարկել է, թե Հայաստանն իր ինքնիշխանության դիմաց ինչ է տվել Ռուսաստանին։ Ակնարկելով, թե մենք մեր ունեցած ամենաթանկն ու կարեւորը տվել ենք, մինչդեռ ակնկալվող անվտանգությունն այդպես էլ չենք ստացել. Ռուսաստանը քցել է: Փորձենք հերթով քննարկել, թե արդյոք Հայաստանը Ռուսաստանին ինչ-որ բան հանձնելով՝ շահե՞լ է, թե՞ տուժել, եւ արդյոք դրանց հանձնումը Ռուսաստանին այլընտրանք ունե՞ր:

Տվել է «ամբողջ գազաբաշխման համակարգը եւ բոլոր տեսակի մենաշնորհները՝ գազի ներմուծման, դրա բաշխման, վաճառքի եւ անգամ դրանից արտադրված էլեկտրաէներգիայի արտահանման համար»: Հայաստանն իր գազաբաշխման համակարգը Ռուսաստանին նվեր չի տվել, որովհետեւ դրա դիմաց ստացել է էժան գազ: Կարծիք կա, որ այդ գազը թանկ գնով վաճառվել է ներքին շուկայում, իսկ տարբերությունը յուրացվել է, բայց դա արդեն մեր ներքին խնդիրն է եւ ոչ թե Ռուսաստանի: Գազամատակարարման համակարգը Ռուսաստանին հանձնելու դիմաց Հայաստանն այսօր ունի եվրոպականից առնվազն 4 անգամ էժան գազ: Եվրոպայում գազի գինը տատանվում է հազար խորանարդ մետրի դիմաց 1300-1600 դոլարի սահմաններում, եւ դա՝ մեծածախ շուկայում, մինչդեռ Հայաստանում այն 400 դոլար է մանրածախ սպառողների համար: Այդ գնի մեջ մտնում են 80 դոլար ավելացված արժեքի հարկը, գազամատակարարման համակարգում աշխատող հարյուրավոր հայ մասնագետների աշխատավարձը, սպասարկման ծախսեր եւ Հայաստանի գազաբաշխման համակարգի ընդլայնման ծախսերը: Այդ ցուցանիշով Հայաստանն առաջ է ոչ միայն իր հարեւաններից ու գազամատակարար Ռուսաստանից, այլեւ անգամ որոշ եվրոպական երկրներից: Եթե հիմք ընդունենք գազի մեծածախ գինը, որը սահմանին 165 դոլար է, ապա կստացվի, որ Հայաստանը գազ է ստանում գործող եվրոպական գներից 8-10 անգամ էժան: ԱՄՆ-ում գազի մեծածախ գինը 300-350 դոլար է: Եթե Հայաստանը գազը գներ շուկայական գներով, ապա այն հասանելի չէր լինի շարքային սպառողների համար, իսկ էլեկտրաէներգիայի արտահանման մասին խոսելը լրիվ անիմաստ կլիներ:

Հնարավոր է՝ Իոաննիսյանն ասի, որ մենք կարող էինք ռուսական գազի փոխարեն գնել իրանական կամ ադրբեջանական գազը: Թե՛ Իրանը, թե՛ Ադրբեջանը գազը վաճառում են ռուսականից անհամեմատ թանկ: Վրաստանում, որը հիմնականում ադրբեջանական գազ է սպառում, գազի գինն առնվազն 50 տոկոսով թանկ է հայաստանյանից, ինչը կհաստատեն բոլոր հայ վարորդները, ովքեր վրացական գազալցակայաններում մեքենաները լիցքավորել են: Ավելի էժան գազ ունենալու միակ տարբերակն Ադրբեջանին բռնակցված լինելն է, Ադրբեջանում գազն ավելի էժան է, քան Հայաստանում: Գուցե հենց այս տարբերակի կողմնակիցն է Իոաննիսյանը, որի մասին գերադասում է առայժմ լռել:

«Ռուսաստանի պահանջով նաեւ պակասեցվեց Իրան-Հայաստան գազատարի տրամաչափը, որպեսզի Հայաստանը չկարողանա արտահանել իրանական գազն այլ երկրներ»,- գրում է Իոաննիսյանը: Իրանը գտնվում է միջազգային ամենակոշտ պատժամիջոցների տակ, եւ դժվար է ասել, թե ուր պետք է արտահաներ իր գազը: Իրանը հսկայական քանակի գազ է վաճառում հարեւան Թուրքիային, Թուրքիայի հետ ունի գազամատակարարման զարգացած համակարգ, բայց, չգիտես ինչու, նույն Թուրքիայի տարածքով գազ չի արտահանում եվրոպական երկրներ: Հայաստանի եւ Իրանի տնտեսական համագործակցության զարգացմանն ու խորացմանը դեմ են եւ խոչընդոտում են Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառող ԵՄ-ն ու Միացյալ Նահանգները եւ ոչ թե Ռուսաստանը: 

«Ռուսաստանին նաեւ հանձնվեցին Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, Հրազդանի 5-րդ էներգաբլոկը, բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ եւ կարեւոր ենթակառուցվածքներ»,- ցանկն ընդլայնում է Իոաննիսյանը: Հրազդանի ՋԷԿ-ը եւ դրա հինգերորդ բլոկը Ռուսաստանին իսկապես հանձնվել է «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակներում, բայց պետք է նկատի ունենալ, որ այդ էներգաբլոկը կառուցվել է խորհրդային տարիներին, եւ դրանում արտադրված էլեկտրաէներգիան չափազանց թանկ է ու ոչ մրցունակ: Այդ ջերմաէլեկտրակայանը որեւէ օտարերկրյա եւ առավել եւս ներքին ներդրող չէր էլ գնի, ոչ մեկը փող չի ծախսի ոչ մրցունակ ապրանք արտադրող ձեռնարկության մեջ: Բոլորին է հայտնի, որ այդ էներգաբլոկն ընդամենը ռեզերվային հզորություն է եւ գործի է դրվում միայն այն ժամանակ, երբ գործող հզորությունները չեն ապահովում ներքին պահանջարկը: Ինչ վերաբերում է հիդրոէլեկտրակայաններին, ապա դրանք գնվել են ռուսական ընկերությունների կողմից, այնպես, ինչպես որոշ ամերիկյան ընկերություններ են գնել Հայաստանում գործող ՀԷԿ-եր:

«Ռուսական պետկորպորացիաների կառավարմանը հանձնվեցին նաեւ հայկական երկաթուղին եւ ատոմակայանը»,- գրում է Իոաննիսյանը: Սկսենք ատոմակայանից. իսկ ո՞ւմ պետք է հանձներ Հայաստանը ատոմակայանի շահագործումը, եթե ոչ ատոմակայանի վերանորոգումն իրականացնող եւ այն վառելիքով ապահովող Ռուսաստանին, չլինի՞ թե որեւէ եվրոպական երկրի կամ ամերիկյան ընկերության: Եվրամիությունը, ինչպես նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, 20 տարուց ավելի պահանջում եւ պայքարում են, որ Հայաստանի կառավարությունը փակի ատոմակայանը, եւ միայն ռուսական կողմի իրականացրած հիմնանորոգման աշխատանքների շնորհիվ է, որ այն շարունակում է գործել, ու շահագործման ժամկետը երկարաձգվել է առնվազն մինչեւ 2026 թվականը: Առանց ատոմակայանի, որն ապահովում է մեր սպառման 40 տոկոսը, Հայաստանի էներգահամակարգն ուղղակի կտրաքեր: Ինչ վերաբերում է երկաթուղուն, ապա Հայաստանի երկաթուղին, ըստ էության, փակուղում է. կապ ունի միայն վրացական երկաթուղու եւ վրացական նավահանգիստների հետ, աշխատում է վնասով: Հայաստանի կառավարությունը, այդ թվում եւ Իոաննիսյանի պաշտպանության տակ գտնվող փաշինյանական կառավարման տարիներին բյուջեից տարեկան հարյուր միլիոնավոր դրամներ է հատկացնում ռուսական ընկերությանը, որ փակի երկաթուղու վնասները, եւ այն շահագործվի: Ռուսական կառավարման արդյունքում է, որ Հայաստանի երկաթուղին ունի նոր շարժակազմեր եւ շարունակում է սպասարկել տնտեսությունն ու քաղաքացիներին: 

«Հայաստանը միացավ Ռուսաստանի հիմնած տնտեսական միությանը՝ ԵԱՏՄ-ին: Դրա հետեւանքով Հայաստանում շեշտակի թանկացան ավտոմեքենաները, գյուղտեխնիկան, մսամթերքը, կաթնամթերքը, յուղերը, կենդանիների կերը, շինանյութը եւ հազարավոր այլ ապրանքներ: ԵԱՏՄ-ին միանալու ճանապարհը նաեւ խանգարեց, որ Հայաստանը մերձեցնի իր տնտեսական կապերը Եվրոպական Միության հետ»,- ասում է Իոաննիսյանը: Սկսենք նրանից, որ ԵԱՏՄ կազմի մեջ լինելու արդյունքում Հայաստանն այժմ ավտոմեքենաներ արտահանող երկիր է, ընդ որում՝ մեքենաների արտահանումն այս տարի կարող է ռեկորդային ցուցանիշ գրանցել: Հազարավոր հայ գործարարներ ավտոմեքենաներ են ներկրում ԱՄՆ-ի երկրորդային շուկայից, վերանորոգում եւ արտահանում ՌԴ: Սրա արդյունքում տասնյակ հազարավոր հայ քաղաքացիներ ապահովված են աշխատանքով եւ բարձր եկամտով, իսկ Հայաստանի բյուջեն միլիարդավոր դրամների հավելյալ եկամուտ է ստանում: Դրանում համոզվելու համար պետք է ընդամենը մեկ անգամ այցելել Գյումրու մաքսատուն եւ ականատես լինել այնտեղի ահռելի մարդկային հոսքերին ու հերթերին կամ մի քիչ ուշադիր լինել հայ-վրացական սահմանը հատելիս:

ԵԱՏՄ մտնելու արդյունքում Հայաստանը ստանում է էժան հացահատիկ, յուղեր, անասնակեր, շինանյութ, այդ թվում՝ մետաղ, տախտակ եւ բազմաթիվ այլ ապրանքներ: ԵԱՏՄ-ն մեր ապրանքների արտահանման հիմնական շուկան է. հարցրեք ցանկացած հայ գյուղատնտեսական արտադրողի, վերամշակողի, ձկնարտադրությամբ զբաղվողի, եւ բոլորը կասեն` Ռուսաստանը: Ի՞նչ էր վաճառում Հայաստանը ԵՄ երկրներ, որ ԵԱՏՄ մտնելուց հետո չի կարողանում վաճառել։ Ոչինչ: Հայաստանի հիմնական արտահանումը ԵՄ մեր ընդերքի հարստությունն է՝ մոլիբդենի ու պղնձի խտանյութի տեսքով։ Դա էլ կարծես չի տուժել՝ նկատի ունենալով, թե ինչպես է տարեցտարի ավելանում ընդերքի անխնա շահագործումը:

Հայաստանի տնտեսությունն անմիջականորեն եւ օրգանապես կապված է եւ, եթե կուզեք, կախված է ռուսական շուկայից: Մեր երկրի տնտեսական շահը եւ տնտեսվարողների շահը պահանջում են Ռուսաստանի հետ տնտեսական կապերի առնվազն ներկայիս մակարդակի պահպանում: Սա հասկանում եւ գիտակցում են անգամ ներկայիս իշխանությունները, որոնք քաղաքական կախվածություն ունենալով Արեւմուտքից՝ մի ձեռքով ֆինանսավորում են հատկացնում հակառուսական տարրերին, իսկ մյուս ձեռքով բարեւում ու բարեկամություն խոստանում ՌԴ-ին՝ շատ լավ հասկանալով, որ իրենց իշխանության կայունությունն ապահովում է ոչ միայն արեւմտյան քաղաքական աջակցությունը, այլ նաեւ Ռուսաստանից եկող ֆինանսական հոսքերը:


Ավետիս Բաբաջանյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել