Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի արտաքին գերատեսչության միջոցով ՀՀ գլխավոր դատախազությունում 2022-ի հոկտեմբերի 28-ին ստացվել է գրություն այն մասին, որ նույն տարվա հունիսի 29-ին կայացրած որոշման համաձայն` դատական մարմինները բացասական կարծիք են հայտել շահագրգիռ անձին, այսինքն` Խաչատրյանին, արտահանձնելու դիմումի վերաբերյալ»,- նշեցին դատախազությունից։

Որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, համաձայն որի, Խաչատրյանի արտահանձնումը վերջինիս համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ։

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2019 թվականի նոյեմբերի 19-ից։

Սյունիքի նախկին մարզպետը մեղադրվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքին հանցակից լինելու և խոշոր չափերով յուրացնելուն կամ վատնելուն հանցակից լինելու հոդվածներով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը ու հայտարարվել է հետախուզում: Նախաքննության ընթացքում տվյալներ էին ստացվել, որ Սուրիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Ֆրանսիայում, որի հիման վրա էլ դատախազությունը միջնորդության էր ներկայացրել նրան հանձնելու վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել