168.am-ը գրում է․

«Խաղաղության պայմանագիր» կոչված համապարփակ կապիտուլյացիայի ուրվականը շարունակում է պտտվել Հայաստանի և Արցախի գլխին։ Չնայած վերջին ժամանակաշրջանում Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունը խաղաղության վերաբերյալ ավելի ադեկվատ է, քան նախկինում (հետաքրքիր է՝ ինչո՞ւ), այնուամենայնիվ բացասական զարգացումները Հայաստանի և Արցախի շուրջ չեն դադարել։

Պետք է ֆիքսել, որ, ըստ էության, մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը գեթ մեկ միլիմետր չի թուլացնում իր զավթողական հռետորաբանությունը (պահանջելով փաշինյանական իշխանություններից կամովին համաձայնվել Արցախի ոչնչացմանը և Հայաստանի մասնատմանը), Արևմուտքը դիտարկում է արցախա-հայաստանյան գործընթացները միմիայն տարածաշրջանում ռուսական գործոնի թուլացման և լոգիստիկ ուղիների վերահսկման ներքո, ռուսները իսպառ հրաժարվում են «խաղալ» արևմտյան սցենարով, իսկ Իրանը նախապատրաստվում է կոշտ առճակատման՝ Հայաստանի հարավային տարածքներն անսասան պահպանելու համար։

Սակայն պետք է նաև ֆիքսել այն փաստը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը, ըստ էության, ստացել է «դաբրո»՝ ռուսների դիրքերի թուլացման և Իրանի դեմ կոշտ դիրքորոշում որդեգրելու համար, ինչն իր հերթին նշանակում է, որ Ադրբեջանը շատ շուտով կաշխատի անցնել նոր լայնածավալ ռազմական սադրանքների Հայաստանի և Արցախի ուղղությամբ։ Ադրբեջանցիներն այս պարագայում ստանում են հնարավորություն ռազմական շանտաժի միջոցով «ստիպել» Հայաստանի իշխանություններին իբր «ճարահատյալ» ստրագրելու կապիտուլյացիայի (խաղաղության) պայմանագրի Արևմտյան տարբերակը, որը կբերի Հայաստանի և Արցախի վերջնական կազմաքանդմանը։ Իսկ, հաշվի առնելով, ԱՄՆ Պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունն առ այն, որ ԱՄՆ-ն կսատարի Ադրբեջանին իրանցիների հետ հակամարտության դեպքում, ապա իրավիճակն ավելին քան մտահոգիչ է։

Երբ կհարվածի Ադրբեջանը…կարծում եմ ամենառիսկային ժամանակաշրջանը սկսվում է այսօր, քանզի մեկնարկում է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և ամբողջ աշխարհի տեղեկատվական դաշտը լցված է լինելու հիմնականում ֆուտբոլային եռուզեռով։

Մի խոսքով, պետք է հենց հիմա լինել չափազանց ուշադիր։ Հուսամ, որ գոնե հիմա այս «թավշյա և ոչ բռնի» իշխանությունները հասկանում են պատերազմական գործողությունների վերսկսման ռիսկերի կտրուկ աճը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել