Լեհաստանը չորեքշաբթի վաղ առավոտյան հայտարարել է, որ ռուսական արտադրության հրթիռ է ընկել երկրի արեւելքում, զոհվել է երկու մարդ, չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ «այնքան էլ հավանական չէ», որ հրթիռն արձակել է Ռուսաստանը։

Պայթյունը, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է որպես «շատ զգալի էսկալացիա», Բայդենին դրդել է G7-ի եւ ՆԱՏՕ-ի առաջնորդների շտապ խորհրդակցություն հրավիրել։ ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի դեմ միտումնավոր թշնամական հարձակումը կարող է առաջ բերել հավաքական ռազմական պատասխան դաշինքի կողմից։

Բայց կարեւոր հարցերը՝ կապված հրթիռի արձակման հանգամանքների հետ, մնացել են անորոշության ֆոնին՝ պայմանավորված ռուսական ավիահարվածների կտրուկ շարքով, որոնք հասցվել են Ուկրաինայի սահմանին մոտ։ Ռուսաստանը հերքել է իր մասնակցությունը Լեհաստանում տեղի ունեցած պայթյունին։

Ամերիկացի երեք պաշտոնյա Associated Press-ին ասել է, որ, նախնական գնահատականներով, հրթիռը երեքշաբթի Ուկրաինայի էլեկտրաենթակառուցվածքին հասցված կործանարար համազարկի ժամանակ արձակել են ուկրաինական զորքերը ռուսական հրթիռը խփելու համար։ Պաշտոնյաները չեն նշել իրենց անունները, քանի որ  լիազորված չեն քննարկել հարցը հրապարակայնորեն։

Այս գնահատականը եւ Բայդենի մեկնաբանությունները Բալիում ընթացող «Մեծ քսանյակի» գագաթաժողովում հակասում են այն տեղեկությանը, որն ստացվել էր երեքշաբթի ավելի վաղ ամերիկյան հետախուզության բարձրաստիճան ներկայացուցչից, որը AP-ին տեղեկացրել էր, որ ռուսական հրթիռները հատել են Լեհաստանի տարածքը։

Լեհաստանի կառավարությունը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում եւ բարձրացնելու է ռազմական պատրաստության մակարդակը։ Բայդենը խոստացել է աջակցել Լեհաստանի հետաքննությանը։

Լեհաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում նշվել է, որ զենքն արտադրվել է Ռուսաստանում։ Նախագահ Անջեյ Դուդան ավելի զգուշավոր է եղել՝ հայտարարելով, որ «ամենայն հավանականությամբ» այն արտադրվել է Ռուսաստանում, բայց դրա ծագումը դեռ ճշտվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել