Ստամբուլի կենտրոնական փողոցում՝ Իսթիքլալում, հարձակումն իրականացրել է Սիրիայի մի քաղաքացի, որն ուղարկվել է սիրիական Քոբանի քաղաքից և կապված է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ։ Այս մասին ասվում է Ստամբուլի անվտանգության վարչության հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ձերբակալված Սիրիայի քաղաքացի Ահլամ Ալբաշիրը հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ PKK-ի անդամ է։ Նշվում է, որ 23-ամյա կինը Սիրիայի հյուսիսից ապօրինաբար մուտք է գործել Թուրքիա։

Նրա խոսքով՝ հարձակումն իրականացնելու հրամանը տրվել է PKK-ն, հավելում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ահաբեկչին հնարավոր է եղել կալանավորել 1,2 հազար տեսախցիկների նյութերի ուսումնասիրության արդյունքում։

«Նա ձերբակալվել է երկուշաբթի գիշերը Ստամբուլի Էսենլեր թաղամասում, գործողություններ են իրականացվել նաև 21 հասցեներում, որոնց ընթացքում ձերբակալվել է ևս 46 կասկածյալ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Ստամբուլում հզոր պայթյուն է որոտացել։ Թուրքիայի իշխանությունները տեղի ունեցածն ահաբեկչություն են որակել։ Միջադեպի հետևանքով մահացել է 6 մարդ, տուժել՝ ավելի քան 80-ը։

Ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտնել էին կասկածելի կնոջ մասին, որը շուրջ 45 րոպե նստած է եղել նստարանին, որտեղ էլ տեղի է ունեցել միջադեպը։ Երբ կինը կանգնել է, որոտացել է պայթյունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել