Hraparak.am-ը գրում է․

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները  նորից փողոց են դուրս եկել իրենց բողոքն ու սկզբունքային անհամաձայնությունը հայտնելու ԲՊՀ-ն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարություն որոշման նախագծին: Նրանք հերթական ակցիան են կազմակերպել կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ։

«Պետք է ձևավորվի ակադեմիական խորհուրդ, որը պիտի հստակ սահմանի չափանիշներ, թե ինչ չափանիշներով պիտի համալսարանները միավորվեն։ Այո, մենք դեմ ենք նման ձևով միավորել համալսարաններ՝ առանց նույն այդ համալսարանների կարծիքը հաշվի առնելու։ Այո, հարցեր կան, որոնք մեզ համար քննարկման առարկա չեն կարող լինել, օրինակ՝ Բրյուսովի համալսարանը չի կարող միացվել Մանկավարժականին, դա մեզ համար քննարկման առարկա չէ, քանի որ այս ընթացքում մեզ ոչ մի ողջամիտ առաջարկ չի եղել, թե ի վերջո ինչի համար են ուզում միավորել»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախկին փոխնախարար, բրյուսովական Գրիշա Թամրազյանը։

«Մենք վարչապետին առաջարկել ենք, որպեսզի ստեղծվի ակադեմիական խումբ, որում պիտի ներգրավված լինեն ակադեմիական հանրությունը, միջազգային ու տեղական փորձագետները, կառավարության ներկայացուցիչները ու լիազոր մարմնի ներկայացուցիչները։ Այս որոշումը ժամանակավրեպ է, քանի որ այս որոշման հիմնավորումը կայանում է նրանում, թե ռազմավարությամբ գրվել է, որ Հայաստանում պիտի լինեն 8 խոշոր համալսարաններ, իսկ թե ռազմավարությունը, թե բարձրագույն կրթության մասին օրենքը ընդունված  չէ Ազգային ժողովի կողմից։ Մենք ի՞նչ ենք առաջարկում, մենք առաջարկում ենք ռազմավարությունը, բարձրագույն կրթության մասին օրենքը ընդունելուց հետո ստեղծել այդ աշխատանքային խումբը, հետո նոր քննարկել դրանից բխող կարգավորումները»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել