Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի հյուսիսում երկրորդ օրն է շարունակվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի զորավարժությունները։

Ինչպես գրում է mehrnews.com-ը, երեքշաբթի առավոտյան զորավարժությունների տարածք են ուղարկվել նաև ԻՀՊԿ ցամաքային զորքերի այլ ստորաբաժանումներ։

Արասի շրջանի զորավարժությունների տարածք են ուղարկվում բոլոր տեսակի տանկեր, թնդանոթներ, զրահատեխնիկա, հրթիռային ստորաբաժանումներ, օժանդակ մեքենաներ և այլ տեխնիկա։

Զորավարժությունների երկրորդ օրը զորավարժությունների տարածք է այցելել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Փաքփուրը։

Զորավարժությունների ընթացքում ցուցադրվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի վերջին առաջադեմ, արդի և ժամանակակից սարքավորումները։

Զորավարժությունները ամենամյա առաքելության մի մասն են, որն ուղղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի մարտունակության բարձրացմանը:

Զորավարժությունների օրակարգում են պարաշյուտային վայրէջքներ, գիշերային գործողություններ, ուղղաթիռների մարտական գործողություններ, մարտական և մահապարտ անօդաչու թռչող սարքերի գործողություն, ինչպես նաև Արաքս գետի վրա կամրջի կառուցում, ճանապարհների վերահսկում, բարձունքների գրավում և ոչնչացում։

Զորավարժությունների ուղերձը հարևան երկրներին խաղաղությունն ու բարեկամությունը և կայուն անվտանգության ամրապնդումն է, իսկ թշնամիներին՝ հայտարարելու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի պատրաստակամության մասին՝ այլ զինված ուժերի հետ միասին պաշտպանելու երկրի սահմանները և վճռականորեն արձագանքելու ցանկացած սպառնալիքի, ասել է Փաքփուրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել