ՀՀ Վայոց ձորի մարզպետ

Սիրելի աշակերտներ, մանկավարժներ, ուսանողներ, դասախոսներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ և ծնողներ:
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:
Հայ ազգը հազարամյա իր պատմության ընթացքում միշտ էլ առանձնահատուկ հոգածություն է դրսևորել դպրոցի և հոգատար վերաբերմունք՝ ուսուցչի հանդեպ։ Իսկ դպրության, գիր-գրականության և որակյալ կրթության հանդեպ սերը մեր ժողովրդի մեջ փոխանցվում է սերնդեսերունդ: 
Բոլոր ժամանակներում գիտելիքն ու կրթությունն ամենաթանկ ու անփոխարինելի կապիտալն է ու հասարակության զարգացման շարժիչ ուժը։ Եթե հասարակությունը կրթված է, ապա երկրի վաղվա օրը կանխատեսելի է և երաշխավորված։
Հարգելի մանկավարժներ և դասախոսներ, համոզված եմ, որ դուք անելու եք ամեն ինչ՝ ձեր սաների հոգում վեհ ազգային ու համամարդկային գաղափարներ սերմանելու համար: Սիրելի դպրոցականներ և ուսանողներ, հավատում եմ, որ Ձեր գիտելիքներն ի նպաստ եք բերելու Հայաստանի Հանրապետության զարգացման ու հզորացման գործին:
Այսօրն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի առաջին դասարանցիների համար, որոնք իրենց հարազատների ուղեկցությամբ գնում են դպրոց և դպրոցի խորհրդանշական դռներից մուտք գործում գիտելիքի և իմաստնության անսահման գանձարան: Մաղթում եմ, որ այդ գանձարանի հարստությունը պարուրի նրանց ողջ կյանքում` բացելով նրանց առջև հաջողակ կյանքի նոր հորիզոններ:
Սեպտեմբերի 1-ով մեկնարկում է նաև նոր ուսումնական տարին: Մաղթում եմ, որ այն հաջողությունների տարի լինի ուսումնական գործընթացի բոլոր մասնակիցների համար: Մեր իրավասությունների շրջանակում մենք անելու ենք հնարավոր առավելագույնը ուսումնական գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար, և մեր մեծ ցանկությունն է դրա դիմաց տեսնել ուսման հանդեպ սիրով լի աշակերտներ և իրենց գործին նվիրված ուսուցիչներ:
Կրկին անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Բարի երթ նոր ուսումնական տարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել