Tert.am Life-ը գրում է.

Օրեր առաջ էկրաններին է բարձրացել «Կհանդիպենք անտառի տնակում» հեռուստանովելի 2-րդ եթերաշրջանը: Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Վարուժ Մարգարյանը պատմել է առաջին անգամ հումորային կերպար կերտելու, քաղաքից դուրս նկարահանումների և գյուղի պայմաններին հարմարվելու մասին:

«Ստացել եմ առաջարկն ու ծանոթանալով սցենարին համաձայնվել եմ նկարահանվել՝ առաջին անգամ մարմնավորելով հումորային կերպար: Ես մարմնավորում եմ գյուղացի Գուգոյի կերպարը, որը Լեռնաբերդի կողքի գյուղից է, որն էլ իր հերթին բավականին միամիտ, հումորային և թեթև երիտասարդ է: Գրեթե միշտ ես ներկայացել եմ դրամատիկ հեռուստասերիալներում, որտեղ իմ կերպարները ևս եղել են խորը, իսկ այս նախագծում ես թեթև, հումորով երիտասարդ եմ»,- ասաց Վարուժ Մարգարյանը:

Քանի որ հեռուստանովելը գյուղական միջավայրի մասին է դերասանը խոսում է որոշակի հնչերանգով:

«Ես որևէ բարբառի չեմ տիրապետում և չեմ կարողանում խոսել, բայց այս կերպարի պարագայում բարբառով խոսելը ստացվել է շատ հետաքրքիր կերպով: Երևան վերադառնալու ժամանակ տաքսիի վարորդը խոսում էր որոշակի բարբառով ես էլ որոշեցի, որ կարող եմ օգտագործել դա, գաղափարս պատմեցի Հայկոյին Հովհաննիսյան, որն իմ հիմնական խաղընկերն է հեռուստասերիալում և նա նույնպես, որոշեց Լոռվա բարբառին նման հնչերանգով խոսել: Կարծում եմ՝ մեզ մոտ ստացվել է նման կերպ որոշակի գույն ու հետաքրքրություն տալ,- պատմեց դերասանը և հավելեց, որ Հայկո Հովհաննիսյանի հետ աշխատելը հեշտ է ստացվել: «Երկուսով» հեռուստասերիալի շրջանակներում ծանոթացել եմ Հայկի հետ ու այս հեռուստասերիալի շրջանակներում բավականին հեշտ էր նրա հետ աշխատելը»:
Մի քանի հարցազրույցներում դերասանը նշել է, որ բավականին բծախնդիր է և մաքրասեր: Նա նաև պատմել է գյուղում նկարահանումներն իրականացնելու մասին:

«Երբ գիտեմ, որ դա աշխատանքի համար է ես հարմարվում եմ ցանկացած բանի և փորձում եմ ինձ հարմարավետ միջավայր ստեղծել, ինչն արել եմ նաև այս հեռուստանովելի շրջանակներում: Իրականում ինձ համար բարդ շրջան է եղել, քանի որ թատրոնում ունեի բազմաթիվ փորձեր, որոնց մասնակցելու համար  ես անընդհատ Լոռի-Երևան ճանապարհին եմ եղել ի տարբերություն մնացած դերասանների, որոնք օրեր շարունակ գյուղում ես հաճախ էի գնում-գալիս»,- ասաց դերասանը:

Նախագծի շրջանակներում Վարուժը ներկայանում է երկար սանրվածքով և պատմել է, որ նման կերպարի ստեղծումը ևս եղել է հումորի չափաբաժինն ավելացնելու համար:

«Համեմատաբար երկար և գանգրահեր մազերի պարագայում ես կարողանում էի հագուստի և սանրվածքի միջոցով հետաքրքիր գյուղական կերպար ստանալ: Մտածում եմ նաև, որ հետագա նախագծերի շրջանակներում ոճային փոփոխությունը շատ հեշտ է տրվելու»,- ասաց Վարուժ Մարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել