Shamshyan.com-ը գրում է.

Հոկտեմբերի 13-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմանում ոստիկանության Արարատի մարզային վարչություն օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի Մխչյան գյուղի վարչական տարածքում գործող «Ադանա» ռեստորանային համալիրում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ, գրում է shamshyan.com-ը:

Պարզվել է, որ նշված ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում վիճաբանություն է տեղի ունեցել մի քանի երիտասարդների միջև, որի ընթացքում վիճաբանողներին է մոտեցել Mercedes մակնիշի ավտոմեքենա, որի միջից կրակոցներ են արձակել, ապա դիմել փախուստի։

Ըստ նախնական տեղեկության՝ կրակոցների հետևանքով տուժածներ չկան։ Սակայն մարզի ոստիկանապետի կարգադրությամբ՝ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հնարավո՞ր է՝ նշված վայրից վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են մարզի կամ այլ հիվանդանոցներ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կրակված պարկուճներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են կռվի մասնակիցների ինքնությունը և ձեռնարկում անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցներին և հանցագրծության գործիք՝ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են նաև Mercedes մակնիշի ավտոմեքենայի համարանիշը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել