Hraparak.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին կանխամտածված կերպով հայ-ադրբեջանական վերջին բախումները սադրելու մեջ,այդպիսով նպատակ ունենալով ապակայունացնել իրավիճակը Կովկասում եւ նրա սահմաններից դուրս։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Ինչ է տեղի ունենում սահմանին վերջին երկու տարիներին։ Հինգ հազար ռուս զինվորականներ իբրեւ թե պաշտպանում են սահմանը, սակայն ռուսները այդ հակամարտությունը օգտագործում են, որը մի քանի հարյուրամյակի պատմություն ունի եւ խաղում են ադրբեջանցիների խաղը, եւ վերադարձել են, որ Հայաստանին թուլացնեն, որի հետ մի ժամանակ սերտ հարաբերություններ են ունեցել»,- ասել է Մակրոնը։ «Դուք տեսնում եք, թե ինչ է տեղի ունենում։ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել իրավիճակը։ Ցանկանում է անկարգություններ Կովկասում»։

Նա հայտարարել է նաեւ, որ Ֆրանսիան Հայաստանին հուսախաբ չի անի։ Հայաստանն ըստ Ֆրանսիայի նախագահի, այն երկիրն է, որի հետ առկա են եզակի կապեր։ «Ադրբեջանը սահմանին մի քանի հարձակումներ է իրականացրել։ Մենք դատապարտել ենք դրանք եւ չենք լքի հայերին»,- նշել է Մակրոնը։

Մակրոնը, ըստ Nouvelle darménie-ի փոխանցման, հիշեցրել է նաեւ Պրահայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման մասին, նշելով, որ դա թույլ է տվել, որպեսզի նորագույն պատմության մեջ առաջին անգամ հանդիպեն Հայաստանի եւ Թուրքիայի ղեկավարները։ Անդրադառնալով ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ գազային համաձայնագրերին եւ այն իրողությանը, որ Եվրոպան որոշակի տոլերանտություն է ցուցաբերում Ադրբեջանի հանդեպ, Մակրոնն ասել է, որ Ֆրանսիայի անունից կարող է ասել, եւ Եվրոպայի ձայնն էլ այն է, որ եվրոպական արժեքներն ու սկզբունքները գնել հնարավոր չէ գազով կամ նավթով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել