Hraparak.am-ը գրում է․

Լարսի անցակետում լարված իրավիճակ է. ՀՀ-ից բեռնատարով ապրանք փոխադրող վարորդներից մեկը մեզ պատմեց, որ անցակետում մեծ հերթ է գոյացել։

Ըստ մեր զրուցակցի` բեռնատար եւ մեծ մեքենաները ամբողջությամբ մանրակրկիտ զննում են, նրա խոսքով` ռենտգեն են անում։

Պատճառը Ղրիմի կամրջի դեպքն է, ստուգում են հնարավոր զենքի փոխադրումը կասեցնելու համար։

Նշենք, որ Ղրիմի կամրջի պայթյունի կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տեղափոխել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։

Ներկայումս քրեական գործի շրջանակներում կալանավորվել են Ռուսաստանի հինգ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը։

Ըստ հաղորդման՝ Հայաստանի քաղաքացին Արթուր Տերչանյանն է՝ ծնված 1985 թվականին:

Ղրիմի կամրջի վրա պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 8-ի առավոտյան։ Ռուսական կողմի տվյալներով՝ պայթել է բեռնատարը, որն անցնում էր կամրջի վրայով դեպի բռնակցված Ղրիմ։ Դրանից հետո երկաթուղային գնացքի վառելիքի բաքերը հրդեհվել են։ Պաշտոնապես հաղորդվել է, որ երեք մարդ է զոհվել, առանձին Տելեգրամ ալիքներ հայտնել են ևս մեկ մարդու մահվան մասին։ Վլադիմիր Պուտինը կատարվածն ահաբեկչություն է անվանել ու դրանում մեղադրել Ուկրաինայի հատուկ ծառայություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել