Mediahub.am-ը գրում է․

«Ինչ էլ լինի, ես իմ դիրքը չեմ լքելու, չեմ թողնելու»,- սա է եղել 19-ամյա Սաշի՝ շիրակցի Սաշա Ասատրյանի վերջին խոսքն՝ ուղղված ծառայակից ընկերներին։ 

Սեպտեմբերի 12 լույս 13-ին սկսված թեժ մարտերի ժամանակ տղան Սյունիքում էր, պահում էր հայոց աշխարհի ողնաշարը։ 

«Կռվից առաջ ինձ հետ չի խոսել, չենք հասցրել խոսել, ընտանիքի անդամների հետ խոսելիս էլ որևէ անհանգստություն չի հայտնել։ Եթե լարված լիներ, միևնույն է, ոչ ոքի չէր ասի, տեսակով այդպիսինն էր, չէր ուզի, որ հարազատներն ու սիրողներն անհանգստանան»,- մեզ հետ զրույցում պատմեց տղայի քույրը։ 

Տեսակով ուրախ, մարդկանց ժպիտ պատճառելուց հաճույք ստացող տղան լավ գիտակցում էր՝ ինչ է ծառայությունը, մեծ պատասխանատվությամբ էր պահում իրեն բաժին հասած հողը։ 

«Ինքը շատ հումորով էր, դրական մարդ, բոլորին ուրախացնելու պատրաստ։ Չկար մի դեպք, որ ինքը լիներ ու մարդկանց թողներ տխուր նստեն։ Քայլող ժպիտ էր։ Իր քաղցր «մեռնեմ ջանիդ»-ով բոլորի սրտերին կպչում էր»,- պատմում է քույրը, ապա հավելում, որ այդ նույն կենսախինդ տղան ծառայակից ընկերներին ասել է՝ իր դիրքը չի լքի։ 

Ծառայակից ընկերները տղայի ընտանիքին պատմել են, որ Սաշան վիրավոր ընկերոջն իջեցրել է ավելի ապահով վայր, ապա իրենց ասել, որ ինչ էլ լինի, իր դիրքը չի լքելու։ Ու նորից բարձրացել է իր դիրքն ու պահել խոստումը՝ մինչև վերջին շունչը պահելով մայր հողը։ 

«Շատ մեծ սպասումով էր բանակ զորակոչվել, շատ էր սպասում։ Ուսումը կիսատ թողած գնաց ծառայելու»,- նշեց քույրը։ 

Եղբոր մասին խոսելիս՝ քույրը նշում է, որ նա իր երազանքների, ցանկությունների մասին լռող տեսակ էր․ սիրում էր լուռ ու քայլ առ քայլ ամեն բան իրականացնել։ 

«Երբ իրար չէինք հասկանում, նեղանում էինք, կամ կռվում, ասում էր՝ ախր ինձնից նեղանալ պետք չէ, կատակում էր, թե՝ ես երկնային հրեշտակ եմ։ Հիմա ասածն ավելի շոշափելի եմ զգում»,- պատմեց քույրը։

Սաշը «երկնային հրեշտակ» դարձավ սեպտեմբերի 13-ի լուսադեմին։ Տղայի մարմինը մայր հողում ամփոփվել է հոկտեմբերի 5-ին։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել