Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի վիճելի հայտարարություններից հետո Ղազախստանում Ռուսաստանի դեսպանը կկանչվի ԱԳՆ։ Այս մասին տեղեկացրել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, փոխանցել է Tengrinews.kz-ը։

«Այսօր Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ղազախստանի ԱԳՆ։ Քննարկման գլխավոր թեման Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունն է։ Օրակարգում է նաեւ ուկրաինական կողմին Ռուսաստանի պահանջների հարցը։ Սա սովորական դիվանագիտական գործելակերպ է։ Մարիա Զախարովայի հայտարարությունների տոնայնությունը Ղազախստանից Ուկրաինայի դեսպանին վտարելու մասին, մեր կարծիքով, չի համապատասխանում Ղազախստանի եւ Ռուսաստանի դաշնակցային փոխհարաբերությունների բնույթին՝ որպես իրավահավասար ռազմավարական գործընկերների»,- ասել է Սմադիյարովը՝ Մաժլիսի միջանցնքերում պատասխանելով լրագրողների հարցերին։

Նա նաեւ մեկնաբանել է Զախարովայի՝ դեսպանին քրեական պատասխանատվության ենթարկելու կոչը։

«Մենք չենք կարող հասկանալ, թե ինչ քրեական պատասխանատվության մասին է խոսում Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը, քանի որ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը, Վիեննայի կոնվենցիայի համաձայն, դիվանագիտական անձեռնմխելիություն ունի»,- ասել է նա։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել