Tert.am-ը գրում է․

Գրեթե 1 միլիոն մարդ լքել է Ռուսաստանը երկրում մոբիլիզացիայի հայտարարումից ի վեր, Forbes-ին հայտնել է Կրեմլի գնահատականներին ծանոթ աղբյուրը։

ՌԴ նախագահի աշխատակազմից մեկ այլ աղբյուրը պարզաբանել է, որ խոսքը 600 000-700 000 ռուսների մասին է։ Միաժամանակ հիմա հնարավոր չէ հաշվարկել, թե քանի մարդ է երկրից մեկնել զբոսաշրջության նպատակով, ընդգծել է նա։

Սեպտեմբերի 21-ին մասնակի զորահավաքի մասին հայտարարությունից անմիջապես հետո Ռուսաստանի սահմանային անցակետերում հերթեր են գոյացել։ Ամենածանրաբեռնվածը եղել է ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետը, որտեղ մարդիկ 4-5 օր հերթ էին կանգնում, հաճախ առանց սննդի ու ջրի։ Հոկտեմբերի 3-ին բլոգեր Նիկոլայ Լևշիցը հայտնել էր, որ սահմանին խցանումը վերացել է, մեքենաներն ազատ են անցնում։

Հերթեր են գոյացել նաև ռուս-ղազախական սահմանի անցակետերում։ Մինչ այժմ մամուլում ՌԴ-ից հեռացածների թվի վերաբերյալ տարբեր գնահատականներ են եղել, որոնք հնչեցրել են տարբեր ընդունող երկրներ։ Այսպես, հոկտեմբերի 4-ին Ղազախստանի ՆԳՆ ղեկավար Մարատ Ախմետժանովը հայտնել է, որ սեպտեմբերի 21-ից ի վեր երկիր է մուտք գործել 200 000 ՌԴ քաղաքացի, իսկ այս ընթացքում երկիրը լքել է 147 000 ռուսաստանցի։

Ավելի վաղ տարբեր լրատվամիջոցներ գրել էին, որ 194 000 ռուսաստանցի մոբիլիզացիայի հայտարարումից հետո մեկ շաբաթվա ընթացքում մեկնել են Վրաստան, Ղազախստան և Ֆինլանդիա։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ մեկ շաբաթում երկիր է ժամանել 53 000 ռուս, իսկ սահմանն ամեն օր հատում է 10 000 մարդ, ինչը 40-45 տոկոսով ավելի է սեպտեմբերի 21-ից առաջվա ցուցանիշներից։

Նույն շաբաթվա ընթացքում 66 000 ռուսաստանցի մուտք է գործել ԵՄ, ինչը 30%-ով ավելի է նախորդ շաբաթվա համեմատ, հաշվարկել է ԵՄ սահմանային գործակալությունը՝ Frontex-ը: Գործակալությունը հայտնել է, որ մեծամասնությունը մուտք է գործել ֆիննական և էստոնական անցակետերով, ընդ որում մոբիլիզացիայի հայտարարումից հետո Ֆինլանդիա մուտք գործողների թիվը զգալիորեն աճել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել