168.am-ը գրում է․

Հոկտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը կայքը հրապարակել էր Ադրբեջանի կողմից Հայաստանին ներկայացրած հինգ պահանջները։

Թեպետ հրապարակման հեղինակը կայքում նշված էր «Հավաստի աղբյուր», այդուհանդերձ բոլոր վերլուծաբանները, փորձագետները վստահ են՝ «Հավաստի աղբյուրը» Նիկոլ Փաշինյանն է։

Այսպիսով՝ ըստ Փաշինյանի, Ադրբեջանը Հայաստանից պահանջում է՝

1. ԼՂ պաշտպանության բանակի լուծարում։

2. ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:

3. Միջանցք Հայաստանի տարածքով:

4. Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը):

5. Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը խոսելով այդ հինգ պահանջների մասին, նախ նշեց, որ ՀՀ ներքաղաքական գործընթացների մեջ չմտնելով, կարող է միայն փաստել, որ Արցախը, արցախցիները և ողջ հայությունն ունեն հստակ դիրքորոշում՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, որովհետև հակառակ դեպքում՝ Արցախ առհասարակ չի լինելու։

«Ադրբեջանի կազմում Արցախին միայն մեկ ճակատագիր է սպասվում՝ կործանում։ Տեսանք, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում հայ գերիներին։ Եթե Արցախը լինի Ադրբեջանի կազմում, այդ ճակատագիրն է սպասվելու ազգովի։ Հետևաբար՝ անկախ ամեն ինչից, չպետք է անսկզբունքային լինենք։ Այո՛, ծանր վիճակում ենք, մարտահրավերները շատ լուրջ են և այլն, սակայն դա չի նշանակում, որ մենք մեր սկզբունքայնությունը պետք է կորցնենք և համաձայնենք Ադրբեջանի կազմում լինել։ Այդ դեպքում մենք կհամաձանենք գնալ ինքնասպանության, այսինքն՝ ոչ թե ինքնասպանության, այլ խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի, այսինքն՝ կենդանացման։

Չեմ կարծում, որ մեր այս հազարավոր զոհերը, Հայոց ցեղասպանությունից սկսած՝ ցայսօր, թույլ են տալիս մեզ գոնե մեկ բարոյական հիմք, որ մենք նրանց տառապանքները մոռանանք։ Մենք կանգնել ենք ինքնորոշման, ազատագրական ճանապարհի վրա, ուրեմն՝ պետք է շարունակենք, բարոյական իրավունք չունենք դրանից հրաժարվելու համար, և ոչ միայն՝ բարոյական, այլև՝ քաղաքական ու անվտանգային»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նա ընդգծեց, եթե չլինի Արցախը, չի լինելու նաև Հայաստանը, սա միանշանակ է, այդ պատճառով Արցախի դիրքորոշումը հստակ ու անփոփոխ է՝ երբեք չեն լինելու Ադրբեջանի կազմում։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Արցախի հարցի հասցեատերն արցախցին է, և Արցախը պետք է բանակցի Բաքվի հետ, Դավիթ Բաբայանը նկատեց՝ գոյություն ունի հաստատված ձևաչափ, որը Մինսկի խմբի ձևաչափն է։

«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ՝ Ադրբեջան-Արցախ-Հայաստան, և կա երեք համանախագահ։ Այո, Ադրբեջանի հետ մենք պատրաստ ենք քննարկել, բայց որպեսզի լիարժեք բանակցային գործընթաց սկսվի և համապարփակ կարգավորում տեղի ունենա, պետք է գործի Մինսկի խմբի ձևաչափը։ Մենք միշտ էլ ասել ենք, որ պատրաստ ենք բանակցելու, սակայն պետք է վերականգնվի լիարժեք ձևաչափը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել