Hraparak.am-ը գրում է․

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն ասում է, որ Փաշինյանի՝ միջազգային հանրությանը դիմող գրառումը, որտեղ խոսում է միջազգային դիտորդներ Հայաստան ուղարկելու մասին, թավշյա դիմում է՝ թավիշ, այնինչ պետք էր ասել, որ գոյություն ունեցող դիտորդական առաքելությունից հրաժարվում ենք, քանի որ այն մեզ թուլացրել է։ «Երբ որ մենք միանում էինք ՀԱՊԿ-ին, ՍՍՀՄ-ին, ԱՊՀ-ին, Ռոմանովների, Գոլշտեյնների իմպերիային, մենք մեր հայկականության ցուցանակի վրա, «Հայաստան» ցուցանակի վրա կպցրել էինք՝ Во дворе злая собака։ Այսինքն՝ ՀԱՊԿ-ն մեր կատաղի շունն էր, բոլորը պետք է իմանային, որ Հայաստան մտնել՝ նշանակում է վտանգի ենթարկվել։ Հիմա այդ շունը՝ ՀԱՊԿ-ն, չի կծում, չի հաչում։ Այ, մենք պետք է հայտարարենք, ես կարծում եմ, որ ճիշտ եւ արդարացված կլիներ՝ լեգիտիմ եւ լեգալ ձեւով մենք պետք է աշխարհին դիմեինք, որ մեր շունը չի կծում՝ մեզ պահապան շուն է պետք»,- նշում է Արշակյանը։

Նաեւ շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է կոնկրետ դիմեր որեւէ կազմակերպության, հստակ չէր՝ աշխարհին է դիմում։

Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ռազմական գործողություններն Արշակյանն անվանում է արկածախնդրություն եւ կարծում է, որ պետք է փորձենք ուժեղ տնտեսություն ունենալ, դրա համար պետք է հարուստ, գործունյա, գաղափարներ, տեխնոլոգիաներ ունեցող դաշնակիցների շրջապատում լինել, իսկ Ռուսաստանը, Տաջիկստանը, Ղազախստանը մեզ ոչինչ չեն կարող տալ։ Ի՞նչ ունենք մենք աշխարհին առաջարկելու։ Ազատ Արշակյանի կարծիքով՝ մենք պետք է առաջարկենք Արեւմուտքին հայ ժողովրդի հնարամտությունը, ինտելեկտը եւ ճիշտ օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները։

Թուրքիայի հետ սահմանների բացման պարագայում Արշակյանին անհանգստացնում է այն, որ հայերը կմխրճվեն թուրքական տնտեսության մեջ, ինչպես ցեղասպանությունից առաջ։ «Կմխրճվեն, կակտիվանան եւ ճիշտ այնպես, ինչպես մենք օլիգարխներ ունենք Ռուսաստանի Դաշնությունում, որոնք խանգարում են մեր պետականացմանը։ Մենք հիմա էլ ունենք 100 հազար արտագնա աշխատողներ Թուրքիայում, նրանք աշխատում են, ուժեղացնում են Թուրքիայի տնտեսությունը։ Սահմանները որ բացվեն, Թուրքիան կշահի»,- շեշտում է նա եւ հավելում, որ մեր խնդիրն այն է, որ մենք էլ փորձենք շահ ստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել