Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում իր «գաղափարներն» ու աշխարհաքաղաքական ընկալումները տարածելու նոր խորամանկ մեթոդ է մշակել։ Նա իր շուրջն է հավաքել լրագրողներից, «ստատուսչիներից», քաղաքագետ-վերլուծաբաններից կազմված մի խումբ, որոնց հետ պարբերաբար հանդիպում է եւ օֆ դը ռեկորդ տեղեկություններ հայտնում արտաքին աշխարհի հետ իր շփումներից, Արցախի ու Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձություններից, որպեսզի նրանք հետո, առանց իրեն հղում տալու, տարածեն իրենց հարթակներում եւ համացանցում՝ հարցազրույցներ տան, ստատուսներ ու հոդվածներ գրեն։ Հանդիպման մասնակիցները հիմնականում արեւմտամետ ճամբարի կամ հակառուսական գաղափարների կրողներն են, թեեւ հրավիրվում են նաեւ պրոռուսական, բայց իշխանամետ դեմքեր եւս։ Հանդիպումների մասնակիցների ցանկը բավականին լայն է, կազմը՝ փոփոխվող։ Մասնակիցներից են, օրինակ, Դանիել Իոաննիսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Թաթուլ Հակոբյանը, Արշալույս Մղդեսյանը, Արմեն Վարդանյանը եւ այլք։ Նրանք կամա-ակամա հակառուսական տրամադրություններ են գեներացնում եւ Ռուսաստանից պոկվելու ու դեպի Արեւմուտք թեքվելու քարոզչություն անում։

Հանդիպման մասնակիցներից մեկը մեզ վստահեցնում էր, որ որեւէ հատուկ պրոարեւմտյան կամ հակառուսական զրույց չի ընթանում այդ հանդիպումների ժամանակ, բայց հանդիպման մասնակիցների գրառումները, արտահայտած մտքերը ցույց են տալիս, որ նրանք տողատակերն էլ են շատ լավ հասկանում եւ իրականացնում են Փաշինյանի՝ անգամ չարտահայտած հրահանգները։

Վերջին հանդիպումը, մեզ ասացին, տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, երբ տեղեկություն տարածվեց, թե Փաշինյանը պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել, ինչը բողոքի ալիք բարձրացրեց հասարակության շրջանում, եւ մարդիկ դուրս եկան փողոց՝ կանխելու այդ ենթադրյալ փաստաթղթի ստորագրումը։ Այդ օրը Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում գրառում կատարեց․ «Քիչ առաջ եմ դուրս եկել վարչապետի հետ հանդիպումից եւ ապշել նրանից, որ դրսում ցույց է։ Գործող մարտական գործողությունների կոնտեքստում որեւէ փաստաթուղթ, փաստաթղթի նախագիծ, փաստաթղթի նախագծի քննարկում, փաստաթղթի առաջարկ կամ, առհասարակ, փաստաթղթի քննարկում չկա»։

Մեզ պատմեցին, որ հանդիպումներից մեկի ժամանակ Փաշինյանը ներկայացրել է, որ սեղանին կա արցախյան հարցի լուծման երկու տարբերակ՝ ռուսական եւ եվրոպական, Մոսկվայի եւ Բրյուսելի տարբերակը։ Խոստովանել է, որ իր համար ավելի շատ ընդունելի է ռուսական տարբերակը, որով առաջարկվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրում բաց թողնեն Արցախի կարգավիճակի հարցը՝ թողնելով հետագային, որպեսզի ռուս խաղաղապահները շարունակեն մնալ Ղարաբաղում։ Իսկ բրյուսելյան տարբերակով առաջարկվում է փաթեթային լուծում՝ Արցախի կարգավիճակի հարցն էլ մեջը, որը, բնականաբար, ենթադրում է, որ Արցախը կընդգրկվի Ադրբեջանի կազմում, եւ ռուսներն այլեւս անելիք չեն ունենա Արցախում։ Փաշինյանը հասկացրել է, որ իր համար ընդունելի է ռուսական առաջարկը, սակայն քանի որ Ռուսաստանի դիրքերն այս պահին թուլացած են, եւ նա չի կարող մեզ «գարանտ» կանգնել, ուստի ստիպված են լինելու ընդունել եվրոպական տարբերակը։ Փորձագետները վստահ են, որ մինչեւ տարեվերջ Փաշինյանը ստորագրելու է, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»։

Փորձագիտական շրջանակների հետ վարչապետն արդեն 2-3 այսպիսի հանդիպում է ունեցել, եւ ամեն հանդիպումից հետո մասնակիցները համացանցում տարածել են իրենց փոխանցված գաղափարները։

Երեկ կառավարության նիստում Փաշինյանի դժգոհությունը դաշնակից Ռուսաստանից, որ փողը տվել ենք, սակայն զենք չի մատակարարել, քաղաքագետ Արմեն Վարդանյանը դրել էր իր էջում ու գրառում կատարել․ «Այո, Ալիեւը մի քանի անգամ բացահայտ հայտարարել է, որ ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանին զենք չմատակարարվի, եւ դա անում էր Պուտինի հետ սինխրոն գործողություններով: Հայաստանը պետք է հրաժարվի ռուսական զենքից, պետք է դիվերսիֆիկացնել զենքի գնումը, ու զենք գնենք էն երկրներից, որոնք իրենց պայմանագրային պարտավորությունները պատշաճ ձեւով կկատարեն»։ Վարդանյանի էջում նմանատիպ բազմաթիվ գրառումներ կան։ Նույն տրամադրություններն են տարածում նաեւ Դանիել Իոաննիսյանը, Թաթուլ Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանը՝ իրենց էջերով։ Ուշագրավ են հատկապես լրագրող Թաթուլ Հակոբյանի գրառումները, որոնցում նա քննադատում է նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ նրան համարելով աղետ, բայց ավելի ուժգին խփում է Հայաստանի մյուս ղեկավարներին, հատկապես՝ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ու արդարացնում Լեւոն Տեր-Պետրոսյանին։ «Նիկոլն ԱՂԵՏ է, Դուք էլ եք ԱՂԵՏ ու ԴԱՎԱԴԻՐՆԵՐ»,- հատուկ մեծատառերով գրել է Թաթուլն ու բացատրել, թե ով ինչով է աղետ, ուստի «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՏԻ տակ» պետք է Նիկոլ Փաշինյանից բացի կանգնեն նաեւ «1997-1998 թթ․ Հայաստանում Արցախի փրկության անունով ռազմական հեղաշրջում իրականացրած Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, Վարդան Օսկանյանը եւ մյուս դավադիրները»։ Հիշեցնենք, որ Թաթուլ Հակոբյանը երկար ժամանակ աշխատել է Վարդան Օսկանյանի անվան հետ կապվող «Սիվիլնեթ» լրատվականում։ Նրա ֆեյսբուքյան էջն էլ է ողողված պրոարեւմտյան, պրոամերիկյան թեզերով ու հայտարարություններով եւ Պուտինին ու Ռուսաստանին ուղղված թաքնված կամ բացահայտ մեղադրանքներով։

Մենք երեկ փորձեցինք կապ հաստատել հենց Թաթուլ Հակոբյանի հետ՝ հասկանալու, թե ինչ հանդիպումներ են սրանք, եւ ինչպես է հանդիպում մի մարդու հետ, որին ինքը աղետ է համարում։
Թաթուլը, սակայն, չցանկացավ մեր հարցերին պատասխանել։ Նախ ասաց՝ ինքը լրագրող է եւ չի ուզում լրատվամիջոցների համար խոսել։ Երբ պնդեցինք, որ ուզում ենք ճշտել՝ ինքը մասնակցե՞լ է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներին, թե ոչ, Հակոբյանն ասաց, թե չի կարող ասել։ «Ես հանդիպում եմ շատ գյուղացիների, բանվորների, երկրի նախագահների հետ, էդքան բան»,- ասաց նա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել