Tert.am-ը գրում է․

Զորքերի հետքաշումը ելման դիրքեր միակ հուսալի հիմքը կարող է լինել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները լուծելու համար: Այս մասին Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում` լրագրողների հետ զրույցում, ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Նա նշել է, որ ռազմական բախումների ճանապարհը չի կարող հանգեցնել առկա խնդիրների լուծմանը: «Մենք ելնում ենք նրանից, որ միայն քաղաքական, դիվանագիտական ջանքերը կարող են լուծման բերել»,- ասաց Կոպիրկինը:

«Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքական կարգավորման գործընթացը, որը գործարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, շարունակվի՝ չնայած բոլոր խնդիրներին և հակասություններին: Մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ, կողմերին աջակցում ենք ընդհանուր մոտեցումների հասնելու հարցում: Դա հեշտ չէ, դա մեծ ջանքեր է պահանջում, բայց մենք դա արել ենք և մտադիր ենք անել հետագայում ևս։ Ռուսաստանի գործողությունները իհարկե կարելի է քննադատել, բայց  չընդունել, որ Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում, անարդար է»,- նշեց ՌԴ դեսպանը:

Անդրադառնալով Հայաստանին ՌԴ-ից զենք մատակարարելու մասին հարցին՝ Կոպիրկինն ընդգծեց, որ  պատրաստ չէ մեկնաբանել այդ թեման՝ հաշվի առնելով դրա զգայուն լինելը:  «Դա պետք է անեն պրոֆեսիոնալները, բայց դա ոլորտ է, որը մեր դաշնակցային հարաբերությունների մասն է»,- ասաց դեսպանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել