Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության խորհրդարանական խմբակցությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վրաստանի օկուպացիայի մասին օրենքում, գրում է newsgeorgia.ge կայքը։

ՄԱՇ պատգամավոր Լևան Բեժաշվիլին այսօր ասել է, որ նախաձեռնությունը ենթադրում է 1000 լարի (մոտ 360 դոլար) «օկուպացիոն տուրք» սահմանել Վրաստան մուտք գործող Ռուսաստանի քաղաքացիների համար։

Բեժաշվիլիի խոսքով՝ մի կողմից՝ վճարելով տուրքը՝ Վրաստան մուտք գործող ՌԴ քաղաքացիները կճանաչեն, որ Ռուսաստանը օկուպանտ է։ Բացի այդ, վճարված գումարը կփոխանցվի փախստականների հիմնադրամին։

«Մենք առաջարկում ենք խորհրդարանին, կառավարությանը, հասարակությանը փոխել օրենսդրությունը՝ ելնելով կոնկրետ բարդ իրավիճակից։ Ինչպես գիտեք, Ռուսաստանի քաղաքացիների անվերահսկելի հոսքը հասել է շատ մեծ մասշտաբների, ինչը կապված է երկրի ներքին անվտանգության, ֆինանսական խնդիրների և մեծ ռիսկերի հետ։ Վրաստանի օկուպացիայի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ մեր կուսակցությունը քաղաքական հայտ է ներկայացնում այդ գործընթացի համար»,- ասել է Բեժաշվիլին։

Վրաստանի ՆԳՆ հրապարակած վիճակագրության համաձայն՝ սեպտեմբերի 17-ից սեպտեմբերի 26-ը Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության 78 742 քաղաքացի։ Նույն ժամանակահատվածում Վրաստանը լքել է Ռուսաստանի Դաշնության 62 120 քաղաքացի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել