Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բորիս Բախշիյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նշենք, որ դատավոր Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքն այն էր, որ նա, ըստ ԱԱԾ-ի, խափանման միջոցի կարգ էր խախտել։ Հայտնի էր, որ գործով ամբաստանյալը հրաժարվել է դատական նիստին ներկայանալ, դատավոր Բախշիյանն էլ նրան կալանավորելու մասին որոշում է կայացրել։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ այդպիսով դատավոր Բախշիյանը չի ապահովել ամբաստանյալի լսվելու իրավունքը։

Փետրվարի 7-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, որոշում էր  կայացրել կալանավորել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին։ Մոտ 3 ամիս կալանքի տակ մնալուց հետո նա ազատ էր արձակվել։

Բորիս Բախշիյանն այն դատավորն է, ում որոշմամբ փոխվել էր «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի խափանման միջոց կալանքը, եւ  նա ազատ էր արձակվել գրավի դիմաց։ Նրա որոշումներով  գրավի դիմաց ազատ էին արձակել նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել