Tert.am-ը գրում է․

Իրանը չի աջակցում Ուկրաինայում հակամարտող կողմերից ոչ մեկին, քանի որ դա միայն հանգեցնում է ռազմական գործողությունների ձգձգման։ Այս մասին Al-Monitor-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Լրագրողը հարցրել է, թե Իրանը Ռուսաստանին մատակարարո՞ւմ է անօդաչու սարքեր, որոնք հետագայում օգտագործվում են Ուկրաինայում։ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանն անընդունելի է համարում կողմերից որևէ մեկին, լինի դա Ուկրաինա, թե Ռուսաստան, զենք վաճառել հակամարտության ընթացքում դրանց օգտագործման համար։

«Մենք չենք աջակցում ուկրաինական հակամարտության կողմերից ոչ մեկին, ինչը կհանգեցնի դրա շարունակմանը։ Մենք վճռականորեն դեմ ենք ցանկացած պատերազմի՝ լինի դա Ուկրաինայում, թե Եմենում, թե Պաղեստինում»,- ասել է նախարարը։

Դիվանագետը հավելել է, որ Թեհրանը կշարունակի իր ներդրումն ունենալ Ուկրաինայում խաղաղության հասնելու գործում։ Դրան, ըստ իրանցի նախարարի, կարելի է հասնել դիվանագիտական ճանապարհով՝ քաղաքական բանակցությունների միջոցով։

Օգոստոսի վերջին The Washington Post-ը հայտնել էր, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարել անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը: Հրատարակության տվյալներով՝ նախատեսվում է դրանք օգտագործել Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ։ Կրեմլը հրապարակումն անվանել է «տեղեկատվական լցոնում»։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ռուսաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեման ամերիկյան լրատվամիջոցներում «արհեստականորեն է առաջ  քաշվել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել