Գագոն ունի՞ այս հարցի պատասխանը

Դատապարտելով զոհվածների ծնողների պահանջը՝ արգելելու Նիկոլին այցելել Եռաբլուր՝ Մելքոնյան Գագոն հռետորական հարց է բարձրացրել, թե դրանով «վարչապետին» ի՞նչ են ուզում ասել՝ միաժամանակ ծնողներին մեղադրելով «մեր երկրի դեմ գործողություններ կատարողներին» անգիտակցաբար աջակցելու համար:

Գագոյի հարցի պատասխանը քողարկված է Նիկոլի խորհրդարանական տխրահռչակ այն ելույթում, որտեղ, ինչպես հայտնի է, Նիկոլը հայտարարել էր, թե առանց զոհերի էլ կարող էինք ունենալ միևնույն իրավիճակը: Ծնողների ասելիքը, ի գիտություն Գագոյի, շատ հստակ է, խիստ տրիվիալ ու հնչում է այսպես՝ Նիկո՛լ, ինչո՞ւ տարար մեր անմեղ երեխաներին կոտորեցիր՝ շատ լավ իմանալով պատերազմի կանխորոշված բնույթի մասին: Եթե ելքը կանխորոշված էր, ապա ո՞րն էր իմաստը՝ 44 օր շարունակ հագեցնելու թուրքի՝ հայի արյան ծարավը:

Ինչ վերաբերում է Գագոյի այն պնդմանը, թե ծնողները մասնակից են դառնում պետության դեմ գործողների արկածախնդրությանը, ապա այստեղ նույնպես ամեն բան պարզ է. Գագոն «պետության դեմ գործող»–ի տակ երևի նկատի ունի ընդդիմությանը, որն ընդամենը փորձել է սատար կանգնել արդար ցասման մեջ հայտնված սգավոր ծնողներին, ինչը, փաստորեն, Գագոն համարում է՝ պետության դեմ գործողություն այն դեպքում, երբ պետության դեմ գործունեությամբ արդեն 4 տարի է՝ զբաղվում է հենց Գագոյի քաղաքական թիմը՝ կրկնապատկելով ու եռապատկելով նույն Եռաբլուրի մակերեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել