Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 25-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է սեպտեմբերի 24-ին հրազենային վնասվածքով նշված կենտրոն տեղափոխված քաղաքացին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ  Վանցյան փողոցում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցների հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, իսկ 1 հոգի տեղում ծառայություն կատարող պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկների կողմից տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հարուցված քրգործի շրջանակում պարզվել է, որ  կրակոցների հետևանքով տեղում մահացել էր Գեղարքունիքի մարզի բնակիչ, 46-ամյա Արթուր Փ.-ն, իսկ երեկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 47-ամյա Մանվել Հ.-ն:

Ոստիկանների և քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական  և քննչական հսկայածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Ծերենցի փողոցում՝ Մալաթիայի ոսկու շուկայի հետնամասում, միմյանց հետ վիճաբանել են Արթուր Փ.-ն, Մանվել Հ.-ն, Երևանի բնակիչներ, 44-ամյա Միքայել Հ.-ն, 39-ամյա Նորայր Հ.-ն, 48-ամյա Կարեն Հ.-ն, 21-ամյա Արթուր Կ.-ն, 24-ամյա Կարապետ Կ.-ն,  44-ամյա Սեյրան Զ.-ն, 21-ամյա Տիգրան Ա.-ն, 24-ամյա Վոլոդյա Գ.-ն և 27-ամյա Հովհաննես Պ.-ն:

Այնուհետև հեռանալով, Արթուր Կ.-ն  5 րոպե անց Mercedes մակնիշի ավտոմեքենայով  Հովհաննես Պ.-ի հետ վերադարձել են նշված վայր, որտեղ վերջինս իր մոտ եղած դեռևս չպարզված տեսակի հրազենից կրակոցներ է արձակել մի քանի հոգու ուղղությամբ, ինչի հետևանքով Արթուր Փ.-ն տեղում մահացել է, իսկ Մանվել Հ.-ն հրազենային վնասվածքներով պարեկների ավտոմեքենայով տեղափոխվել էր «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հովհաննես  Պ.-ն Բավրա սահմանային անցակետով երբ փորձել է հատել Հայաստանի սահմանը, հայտնաբերվել ու ձերբակալվել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի  ամբողջական հանգամանքները պարզելու, կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել