Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Սևանի քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ, որի առթիվ էլ քննիչի կողմից հետախուզում է հայտարարվել Ճամաբարակ քաղաքի բնակիչ, 37-ամյա Սամվել Սոսյանի նկատմամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզումը հայտարարվել է սեպտեմբերի 23-ից, իսկ քննիչը դիմել է նաև Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ճամբարակի նստավայր, միջնորդելով դատարանին, որպեսզի  որպես հետախուզվող՝ խափանման միջոց ընտրվի երկամսյա կալանքը:

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը ու եթե Ս.Սոսյանը հայտնաբերվի կամ ինքնակամ ներկայանա իրավապահներին, կալանավորվելու է: Նա կասկածվում է ոստիկանության Ճամաբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Սիփան Սարիբեկյանին դանակի մի քանի հարվածներով սպանելու մեջ:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը,սեպտեմբերի 20-ին սպանություն էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Ճամբարակի առողջության կենտրոնից ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:

Դեպքի վայրը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցի վրա գտնվող Բիստրոն էր, որտեղ հայտնաբերվել էին բավականին շատ արնանման հետքեր:

Ոստիկաններն ու քննիչները պարզել էին՝  դին հիվանդանոց էր տեղափոխվել Ճամբարակ քաղաքից  և սպանվածը Սիփան Սարիբեկյանն էր: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը աշխատում էր ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում՝ որպես ավագ  օպերլիազոր, կոչումով ոստիկանության կապիտան էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել