Վարդապետյան Աննայի ռեպրեսիաների հիմնական նպատակը

Երեկ Նիկոլի ձեռքի տակի աշխատող, իսկ այսօր արդեն ՀՀ գլխավոր դատախազ կարգված Վարդապետյան Աննան անցել է գործի՝ այնպիսի կադրային ջարդ իրականացնելով Դատախազությունում, որպիսին չի եղել երբեք: Հատ-հատ հեռացվում են այն բոլոր պաշտոնյաներն ու համակարգում ազդեցիկ դիրքեր ունեցողները, որոնք դժվարությամբ են տեղավորվում կերտվելիք դատախազական համակարգի տրամաբանության սահմաններում:

Այս իմաստով անչափ կարևոր է հասկանալ, թե վերջնարդյունքում ինչ Դատախազություն է ուզում ստանալ Վարդապետյան Աննան, որը փորձանք է դարձել համակարգում երկար տարիներ աշխատած ու վաստակ ունեցող պատկառելի մարդկանց գլխին:

Ասում են՝ կապված Հայաստանի նկրտումների հետ՝ արտաքին քաղաքական կուրս փոփոխելու, կոնկրետ ամերիկացիները խնդիր են դրել՝ ուժային կառույցներն իրենց վերահսկողության տակ դնելու, իսկ այդ ճանապարհին առաջինը, որ ընկել է Արևմուտքի դրբի տակ, Դատախազությունն է: Սա նշանակում է, որ այն բանից հետո, երբ Անգլիայում ուսումնառություն ստացած Վարդապետյան Աննան բմբլահան կանի համակարգում վաստակ ունեցողներին ու այն «կադրաթափ» կանի, հեռացվածների փոխարեն կնշանակի այնպիսիներին, որոնք բազմաթիվ թելերով կապված կլինեն Արևմուտքի հետ: Այսինքն՝ շուտով Դատախազությունը կարող է դառնալ լակոտակրատիայի մի նոր որջ, որտեղ կհավաքվեն այնպիսի «պրոֆեսիոնալներ», որոնց «բեղուն» աշխատանքի հետևանքով Դատախազության հերն ուղղակի կանիծվի: Այդ ամենը, իհարկե, կմատուցվի հակակոռուպցիոն սոուսի ներքո, և բացառված չէ, որ ձեռքի հետ էլ մի քանի աղմկահարույց գործեր բացահայտվեն, սակայն վերջնական նպատակը ոչ թե Հայաստանում արդար դատախազական համակարգ ու արդար դատարաններ ունենալն է լինելու, այլ ոլորտ առ ոլորտ Հայաստանը ՌԴ ազդեցությունից դուրս դնելը, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, աննավարդապետյանները խորապես թքած ունեն:

Ինչ վերաբերում է տեղի ունեցողի ներքաղաքական կոնտեքստին, ապա այստեղ վերլուծելու բան չկա. նիկոլացվում է համակարգը՝ է՛լ ավելի ուժեղ, է՛լ ավելի թունդ կերպով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել