168.am-ը գրում է.

Սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստից հետո հրապարակված հայտարարությունում նշված է, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ:

Նշենք, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի ընթացքում թշնամու զինված ծառայողները  գերեվարել էին  հայ զինծառայողների, նրանց մեջ կային նաև վիրավորներ, ինչը հավաստող տեսանյութեր էին հրապարակել իրենց տելեգրամյան ալիքներում: Վիրավորված ու գերեվարված զինծառայողներից առնվազն երկուսին  Հայաստան էին  վերադարձրել սպանված։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրել է՝ 32, իսկ սեպտեմբերի 20-ին՝  90 հայ զինծառայողների մարմիններ։

168.am-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց, թե արդյո՞ք Կարմիր խաչից արդեն այցելել են հայ գերիներին, որոնց մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հաշվի ենք առել նաև այդ տեղեկությունները և ինչպես արդեն ասել ենք՝ այս և մնացած հարցերի շուրջ կապի մեջ ենք թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանությունների հետ։

Մեր տվյալները նաև անմիջապես ընտանիքներից ենք ստացել, այս պահին սպասում ենք, որովհետև տվյալները փոխանցել ենք մյուս կողմին՝ Ադրբեջանին, պարզաբանումներ ստանալու համար։ Նաև այդ աշխատանքը կատարվել է մեր կողմից, այսինքն՝ անմիջապես և ավելի շուտ, քան այդ հրապարակված տվյալները։ Ինչ վերաբերում է արդեն հետագա քայլերին, այս պահին սպասում ենք, որպեսզի պարզաբանումները մեզ փոխանցվեն ադրբեջանական իշխանությունների կողմից»,- նշեց Զառա Ամատունին։

Հարցին՝ եթե համացանցում հայտնվում է գերեվարված զինվորների վերաբերյալ տեսանյութ, Կարմիր խաչը դրանով սկսո՞ւմ է զբաղվել, թե՞ սպասում է, մինչև գերեվարվածի ծնողները կամ հարազատները դիմեն, Զառա Ամատունին պատասխանեց, որ, բնականաբար, Կարմիր խաչը հաշվի է առնում նաև նման տեսանյութերը, դրանք իրենց ուշադրության կենտրոնում էլ են հայտնվում բավականին արագ։

«Հիմնականում հարազատները շատ արագ կապվում են մեզ հետ, այսինքն՝ չեմ կարող հիշել նման դեպքեր, երբ տեսանյութը պտտվի, և հարազատները չգտնվեն։ Իհարկե, մենք ուշադիր ենք, բայց ընտանիքներն էլ շատ արագ կապ են հաստատում մեզ հետ»,- շեշտեց նա։

Ինչ վերաբերում է հայ գերիների թվին, Զառա Ամատունին փոխանցեց, որ այդ տեղեկատվությունը նուրբ բնույթի տեղեկություն է և Կարմիր խաչի ու համապատասխան իշխանությունների կոնֆիդենցիալ երկխոսության նյութ։

«Յուրաքանչյուր նման դեպքի պարզաբանման արդյունքում մենք անմիջապես ընտանիքների հետ կապը հաստատում ենք, այսինքն՝ անկախ նրանից, թե քանի դեպք է մեր ուշադրության կենտրոնում, համապատասխանաբար՝ ընտանիքների հետ մենք կապ ենք հաստատում, առաջինը ընտանիքին ենք տեղեկացնում»,- եզրափակեց Զառա Ամատունին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել