«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում կոչ է արել վերջ տալ հետզհետե իր պիկին հասնող հակառուսական հռետորաբանությունը՝ Հայաստանում: Շեշտելով հատկապես ներկայիս բարդ իրավիճակի պայմաններում երկկողմ բազմաշերտ կապերի ամրապնդման կարևությունը՝ Կարապետյանը, ըստ էության, նախազգուշացրել է անկանխատեսելի այն հետևանքների մասին, որոնք անխուսափելի են լինելու Հայաստանի համար, եթե հակառուսական հռետորաբանության կանխարգելման ուղղությամբ իրական քայլեր չձեռնարկվեն: «Ռուսաստանում այսօր մի քանի միլիոն հայ է ապրում, որոնք սերտ կապեր ունեն իրենց պատմական հայրենիքի հետ։ Պետք է լրջորեն կշռադատել այն չմտածված հայտարարությունները, որոնք այսօր արվում են՝ երկու դաշնակից պետությունների միջև պառակտում մտցնելու միակ նպատակով։ Հայաստանին այսօր խաղաղություն է պետք»,-ոչ երկիմաստ կերպով նախազգուշացրել է հայտնի հայ միլիադրատերը:

Միամտություն կլիներ կարծելը, թե Սամվել Կարապետյանի այս կարևոր ուղերձն արգասիք է բացառապես նրա մտածումների. նրա միջոցով ՌԴ ղեկավարությունն է նախազգուշական ուղերձ հղում Հայաստանին՝ չտրվելու վտանգավոր խաղերին ու վերջնականապես չփչացնելու երկկողմ հարաբերությունները, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ոչ միայն Հայաստանի, այլև ռուսաստանաբնակ հայերի համար:

Որ Կարապետյանի նախազգուշական հայտարարությունում տեղ գտած շեշտադրումները իսկապես օբյեկտիվ են, անխոս է. աշխարհում հազիվ թե գտնվի մեկ այլ երկիր, որը նույնքան խորքային կախվածություն ունենա Ռուսաստանից, որքան Հայաստանը: Միևնույն ժամանակ այն, որ Կարապետյանը հենց հիմա է հղում նման կոչ, փաստորեն, Փելոսիի այցին գրեթե զուգահեռ, նշանակում է, որ ՌԴ-ում իրական մտավախություններ ունեն, որ այդ այցը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ երկկողմ հարաբերությունների վրա, ինչից ելնելով՝ որոշել են Նիկոլին հիշեցնել կյանքի ռեալների մասին:

Մոսկվայի ուղերձը՝ Երևանին, իհարկե, հստակ է, բայց հստակ չէ այն, թե ինչ գործնական արձագանք այն կստանա Հայաստանում, որի իշխանությունները, կորցնելով իրականության զգացողությունը, կարծես տրվել են վտանգավոր հովերին, և փոխարենը փոխլրացնող արտաքին քաղաքականություն վարելու՝ փորձում են շանտաժի լեզվով խոսել ռազմավարական դաշնակցի հետ՝ տակից խրախուսելով ռուսներին հայհոյող ուժերին:

Իհարկե, ոչ ոք չի պնդում, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ իր պարտավորությունները ներկա պահին կատարում է 100%-ով, բայց ակնհայտ է, որ խնդիրների լուծմանը հասնելու լավագույն միջոց չի կարող դիտարկվել էժանագին շանտաժը կամ կասկածելի հակակշիռներ գտնելու ու իբր դրանց միջոցով Մոսկվային ինչ-որ բան հարկադրելու քաղաքականությունը. պետք էր կառուցել փոխլրացնող, կանխատեսելի նարատիվներով արտաքին քաղաքականություն, ինչը չարվեց, իսկ փոխարենը Նիկոլն ընտրեց կեղծավորաբար կոշիկ լիզելու՝ ոչ մի տեղ չտանող վարքագիծը, որի դառը պտուղները հենց հիմա քաղում ենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել