168.am-ը գրում է.

Օրեր առաջ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ջերմուկ քաղաքում հայտարարել էր, որ ադրբեջանական զինուժն իր հարձակողական գործողությունների արդյունքում այս ուղղությամբ ունեցել է որոշակի հաջողություններ։

«Հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ: Այդ մխրճումներն իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից՝ խմբերով, ջոկատներով, և որոշակի խմբեր, ջոկատներ նաև գտնվում են մեր ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ: Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա է»,- հայտնել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ հավելելով, որ Ջերմուկ քաղաքից մինչև սահման՝ նախքան ռազմական գործողությունների սկսվելը, հակառակորդի հեռավորությունը եղել է 11-12 կմ:

Ի դեպ, 2021-ի հունիսին Ջերմուկում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խայտառակություն էր որակել վերը նշված հեռավորությունը:

«Ես նոր, որպեսզի իմ տեղեկությունը ճշտեմ, հարցնում եմ, ասում եմ՝ ադրբեջանցիները Ջերմուկից քանի՞ կիլոմետր հեռավորության վրա են. 10 կմ հեռավորության վրա: Բա դա խայտառակություն չէ՞, ե՞րբ է եղել այդպիսի բան. 10 անգամ ավելի հեռու էին: Ամոթ չէ՞ մեզ համար, սա՞ էինք ուզում: Իսկ ո՞վ է ասել, որ այդ 10 կիլոմետրը չի դառնալու 2 կիլոմետր»,- զգուշացրել էր Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, նույն ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախաձեռնությամբ այցելել էինք Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մոտ 2700 մետր բարձրության վրա:

168.am-ը արձանագրել էր՝ «սարերի վրա» տեղակայված դիրքեր տանող ճանապարհը հեշտ չէ: Եվ սա՝ այն դեպքում, երբ եղանակը տաք էր, և արդեն իսկ սկսվել էին ճանապարհի հարթեցման աշխատանքները:

Այդ ժամանակ Ջերմուկի զորամասի հրամանատար, գնդապետ Գեղամ Մարտիրոսյանը վստահեցրել էր, որ իրենց վստահված պաշտպանական հատվածում 80 տոկոսով գերիշխող և նպաստավոր դիրքում է հայկական կողմը:

«Մարտ վարելու համար հրաշալի պայմաններ կան»,- ընդգծել էր նա:



2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից մեկ ամիս հետո՝ դեկտեմբերին, սոցցանցերում և մեդիահարթակներում տեղեկություններ և տեսանյութեր շրջանառվեցին Ջերմուկի սարերում ադրբեջանական զորամիավորումների կուտակումների և այդ հատվածում զորամասի կառուցման մասին:

Ավելի ուշ, լրատվամիջոցների հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հերքել էր Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորամաս կառուցելու մասին տեղեկատվությունը:

«Ջերմուկի մոտակայքում ադրբեջանական զորքի կուտակումներ չկան, և որևէ արտառոց բան չի եղել, տեսանյութը նկարվել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման աշխատանքների ժամանակ։ Ինչ-որ հատվածում պետք է ճշտեին սահմանը, գնացել ճշտել են հայկական կողմի հետ միասին»,- fip.am-ի հետ զրույցում ասել էր նա և հավելել, որ տեսանյութը նկարահանվել է ոչ թե Ջերմուկի մոտակայքում, այլ Մեծ Ալ լճի (Ալագյոլ) շրջակայքում։

«Ալագյոլ լիճն այն ժամանակ էլ իրենց տարածքում է եղել։ Լիճը քաղաքից շատ հեռու է, բայց հայ-ադրբեջանական սահմանը քաղաքից 12 կմ հեռու է»,- շեշտել էր նա:

«Մի պահ կար, տեղեկություն էին տարածում, թե թուրքերը հասել են «եղնիկի» մոտ, նման բան չի եղել, իրենք այստեղ մի մետր առաջ չեն եկել: Բոլոր կարևոր բարձունքներում մենք ենք նստել՝ անկախ նրանից, որ սահմանի եզրով ենք: Եթե նայեք ձեր աջ և ձախ կողմերը, սարերի վրա մենք ենք «նստած»: Այսինքն, բոլոր բարձունքները գտնվում են մեր վերահսկողության տակ: Հակառակորդը ցանկացել է, որ մենք առաջնագծից մի քիչ հետ նստենք, դա կոչվում է ապահովման գոտի, առաջարկել են այդտեղ նստենք, բայց մենք նստել ենք առաջնագծում: Մենք սահմանագծով կանգնած ենք, մի մետր հեռու չենք»,- արդեն 2021-ի ամռանը 168.am-ի հետ զրույցում մանրամասնել էր գումարտակի հրամանատար Մուշեղ Խալաթյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել