News.am-ը գրում է.

Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Արմենի Ներսիսյանը։

19–ամյա Դավիթը Արարատի մարզի Տափերական համայնքից էր։ 

NEWS.am-ի հետ զրույցում Դավիթի դասղեկը՝ Տափերականի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Մարիետա Ասատրյանը, պատմեց, որ Դավիթը բանակ էր զորակոչվել 2021 թվականի դեկտեմբերի 27–ին, դպրոցն ավարտելուց ամիսներ անց։

«Դավիթս շատ բարեխիղճ, ընկերասեր, հարգված ու սիրված աշակերտ էր։ Միշտ աչքի է ընկել համեստությամբ, ուսուցչական անձնակազմի նկատմամբ հարգալից վերաբերմունքով։ Դավիթը խելացի եւ ընդունակ էր, եթե ինչ–որ խնդիր էր առաջանում, անմիջապես դիմում էինք իրեն, օրինակ, երբ մեքենան խափանվեր, գիտեինք, որ Դավիթն այդ հարցում լավագույնն է, գլուխ էր հանում տեխնիկայից, ուղեղն աշխատում էր։ Այսօր ամբողջ դպրոցը սգում է Դավիթի մահը»,– ասաց Մարիետա Ասատրյանը։ 

Դավիթն ընտանիքի ավագ զավակն էր, իրենից փոքր եղբայր ու քույր ունի։ 

Դավիթ Ներսիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 16–ին, ժամը 18։00-ին, Տափերականի Մշակույթի Տանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ 

Պաշտպանության նախարարության հաղորդմամբ, սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 16-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Սեպտեմբերի 14–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ ադրբեջանցիները Հայաստանից օկուպացրել են 10 քառակուսի կմ։

Սեպտեմբերի 16–ի դրությամբ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ։ «Ցավոք մենք գիտենք, որ այդ թիվը դեռեւս վերջնական չէ: Ունենք նաեւ բազմաթիվ վիրավորներ»,- Կառավարության նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել