News.am-ը գրում է.

Սեպտեմբերի 13-ի գիշերն ադրբեջանական կողմի սանձաձերծած ռազմական ագրեսիայի հետեւանքով զոհվել է պարտադիր ժամկետային զինծառայող Էդմոն Սարգսյանը։ 19-ամյա Էդմոնը Երեւանից էր, ապրում էր Հաղթանակ թաղամասում։

Նա սովորում էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական լուսանկարչության բաժնում, ուսանողական խորհրդի անդամ էր։

«Էդմոնը շատ համեստ, կարգապահ, հայրենասեր տղա էր։ Ուներ իրենից մեծ մեկ քույր, որը աշխատում է նույն ոլորտում։ Քույրը վերջերս էր ամուսնացել, Էդմոնն էլ արձակուրդի ժամանակ եկել էր մասնակցելու հարսանիքին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդմոն Սարգսյանի դասղեկ Ռուզաննա Հակոբյանը։

Էդմոնը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ, ծառայում էր Ջերմուկի զորամասում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Սոթքի, Ջերմուկի, Արտանիշի եւ Իշխանասարի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում է թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին, որոշ ուղղություններով ձեռնարկում դիրքային առաջխաղացման գործողություններ։ Հայկական կողմն ունի 49 զոհ և 80 վիրավոր, վիրավորներից երեքը քաղաքացիական անձինք են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել