News.am-ը գրում է.

«Հրադադարը» տեւել է մոտ մեկուկես ժամ, որից հետո հրետակոծությունը վերսկսվել է Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ. այս համայնքները կրկին հրետանային միջոցներով թիրախավորվել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Մեկ ժամ առաջ խախտեցին հրադադարը, եթե, իհարկե, կարելի է հրադադար անվանել։ Բնակիչներ կան, որոնք պատսպարվել են, բայց հիմնականում տարհանվել են։

Կութ գյուղի եզրին գտնվող մեկ տուն է վնասվել, բարեբախտաբար, տանը մարդ չի եղել։ Նորաբակում վնասված տներ չկան, իսկ Սոթքի վերաբերյալ դժվար է գնահատական տալ, որովհետեւ այս պահին թիրախային հրետակոծություն է տեղի ունենում, իսկ այդ ժամուկեսն էլ, որ կիսահրադադարային վիճակ էր, հնարավոր չի եղել վնասի չափը գնահատել, բնականաբար, ամենաշատ վնասները հենց Սոթքում են եղել»,– ասաց Վարդենիսի ավագանու անդամը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի եւ Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաեւ ԱԹՍ-ներ: Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագծի որոշ հատվածներում շարունակում է ծայրահեղ լարված մնալ:

Չնայած հրետակոծության ինտենսիվության զգալի թուլացմանը՝ հակառակորդը շարունակում է դիրքային առաջխաղացման փորձերը, մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ։ Ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետեւանքով զոհերի նախնական թիվը՝ 49–ն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում ադրբեջանական հրետակոծության հետեւանքով երկու կանայք բեկորային վիրավորումներով տեղափոխվել են Մարտունիի բժշկական կենտրոն։ Ավելի ուշ՝ Առողջապահության նախարարությունից տեղեկացրել էին, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի եւ բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետեւանքով վիրավորում է ստացել քաղաքացիական երեք անձ: Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել