News.am-ը գրում է․

Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտական գործողությունների,  ինչպես նաև վիրավորների ու զոհերի մասին հաղորդումներով և ուշադիր հետևում է իրավիճակին։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

Նա նաեւ նշել է. «Մենք կոչ ենք անում անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու և էսկալացիան կանխելու ուղղությամբ։

Լարվածության մեծացումը վերջին շրջանում ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաեւ ԱԹՍ-ներ: Ադրբեջանական կողմի լայնածավալ սադրանքի արդյունքում սկսված ինտենսիվ փոխհրաձգությունը շարունակվում է։ ՀՀ զինված ուժերը համարժեք պատասխան են տալիս։ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, տվյալները ճշտվում են: Ժամը 08.00-ի դրությամբ իրադրությունը սահմանին փոփոխություններ չի կրել, հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, ականետներ, ԱԹՍ–ներ և խոշոր տրամաչափի զինատեսակներ՝ թիրախավորելով թե ռազմական, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը նույնպես շարունակվում են: Հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել