Դոնբասի ճակատամարտը Ռուսաստանը տանուլ տվեց, իսկ պատերա՞զմը
Ամռան սկզբում, իսկ ավելի կոնկրետ՝ Հունիսի 6ին ես գրել էի, որ Ռուս-ուկրաինական պատերազմի ամառային փուլը նշանավորվելու է Երկրորդ Աշխարհամարտից հետո Եվրոպայում ու գուցե նաև աշխարհում խոշորագույն՝ Դոնբասսի ճակատամարտով։ Այն ժամանակ էլ, հիմա էլ ես այն կարծիքին եմ, որ եթե անգամ այն չկանխորոշի պատերազմի արդյունքն, ապա այն մեծապես ազդելու է դրա հետագա ընթացքի վրա։ Այդպես էլ եղավ ու այսօր արդեն կարելի է վստահորեն արձանագրել, որ Ռուսաստանը պարտություն արձանագրեց 2022 թվականի ամառային կոմպանիայում ու տանուլ տվեց Դոնբասի ճակատամարտը։ Համենայն դեպս՝ Դոնբասսի 1-ին ճակատամարտը։
Մինչ անարգանքի սյունին ինձ գամելը, խնդրում եմ կարդալ փաստարկներս։ Ես չեմ խոսելու հարցի տնտեսական ու քաղաքական կողմերի մասին։ Ինչպես և ամռան սկզբում, ես կանդրադառնամ առաջին հերթին հարցի ռազմական կողմին ու դրանից բխող աշխարհաքաղաքական հետևանքներին։
Դասագրքային ճշմարտություն է, որ ռազմական գործողության ժամանակ կողմերի համար թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը որոշվում են դրված ռազմավարությունիցբխող նպատակներին հասնելով, կամ չհասնելով։ Հարձակվող կողմը պետք է հասնի իր նպատակին, պաշտպանվող կողմը պետք է դա թույլ չտա։ Վերհիշենք, թե ինչ եղավ։
Պատերազմի ամառային կոմպանիայի համատեքստում հարձակվող կողմը Ռուսաստանն էր ու դրա ռազմավարական նպատակը Դոնբասսի «ազատագրումն» էր, որի անկյանաքարային մարտավարական նպատակները հանգում էին Սեվերոդոնցկ-Լիսիչանսկյան և Սլավյանսկ-Կրամատորսկյան ագլոմերացիաների նվաճումով, որի արդյունքում կարձանագրվեր Դոնեցկի ու Լուգանսկի շրջանների ամբողջական «ազատագրում»։ Կոմպանիայի առաջին փուլը հարաբերականորեն հաջող էր ռուսական կողմի համար ու չնայած նրան, որ չհաջողվեց Սևերոդոնեցկում ու Լիսիչանսկում շրջափակել ու ջախջախել ուկրաինական բանակին, բայց քաղաքները վերցվեցին ու դա եղավ բավականին քիչ կորուստների գնով՝ համեմատած գարնանային կոմպանիայի կորուստների հետ։
Կոմպանիայի երկրորդ փուլը, սակայն, նշանավորվեց սկզբում ռուսական հարձակվողական տեմպի նվազումով, իսկ հետո ուկրաինական մասշտաբային հակահարձակումներով՝ Խերսոնյան ճակատում, իսկ հետո՝ Խարկովյան ճակատում։ Ու եթե Խերսոնյան ճակատում ուկրաինական հակահրձակումը վերածվեց արյունոտ մսաղացի՝ առանց որևէ շոշափելի ձեռքբերումների, ապա Խարկովի ճակատում մենք ականատես եղանք Ռուսաստանի կատաստրոֆիկ պարտության, որի արդյունքները, մեծ հաշվով, խաչ քաշեցին ռուսական բոլոր ձեռքբերումների վրա, որոնք նրանք ունեցել էին ամռան սկզբին։
Կարծում եմ կարիք չկա անդրադառնալու հակահարձակման մանրամասներին ու անգամ՝ վիճակագրությանը։ Ամեն ինչ բոլորիս աչքների առաջ է։ Կարևորը դրա արդյունքների ադեկվատ արձանագրումն է, իսկ արդյունքները հետևյալն են. ուկրաինան ոչնչացրեց Սլավյանսկ-Կրամատորսկյան իր զորախումբը շրջափակման մեջ առնելու համար ստեղծված երկու клещня-ներից մեկը՝ Հյուսիսայինը։ Սա իր հերթին նշանակում է, որ Դոնբասսի «ազատագրումը» անորոշ ժամկետով հետաձգվում է՝ ռուսական կողմի համար լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում այդ «ազատագրումը» կարող է մյուս կողմն էր անել՝ աշնանային, համ էլ՝ ձմեռաին կոմպանիայի ընթացքում։
Ռազմական գնահատականը հենց դա է ու անկախ նրանից, թե ինչեր կփորձեն ձեզ հրամցնել գլխուղեղի զեթաձև բորբոքում ունեցող սուբյեկտները, այն աներկբա է ու ակնառու։ Սրա աշխարհաքաղաքական հետևանքները լինելու են ու արտահայտվելու են, որ Ուկրաինան էլ ավելի շատ ռազմական ու ֆինանսական օգնություն է ստանալու Արևմուտքից, իսկ Ռուսաստանը էլ ավելի շատ խնդիրներ է ունենալու միջազգային ասպարեզում, այդ թվում՝ նեյտրալ ու «դաշնակից» պետությունների հետ հարաբերություններում։
Նշանակո՞ւմ է արդյոք, որ պատերազմի արդյունքը կանխորոշված է։ Ո՛չ, չի նշանակում։ Այս պատերզամը դեռ առնվազն կես տարի շարունակվելու է, իսկ ավելի հավանական է, որ ավելի երկար տևի։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ դրա մեջ բեկում է մտել։ Գուցե։ Այս պահի դրությամբ պատերազի ռազմական նախաձեռնողականությունն առաջին անգամ անցել է Ուկրաինային։ Նշանակո՞ւմ է արդյոք, որ այդպես էլ կմնա։ Չգիտեմ, որովհետև որքան էլ ոմանց համար այս փաստը կաթվածի հասցնող լինի, պետք է արձանագրել, որ ուկրաինական պետությունն ու հասարակությունը ավելի շատ կամային հատկանիշներ են ցուցաբերում պատերազմում հաղթելու հարցում, քան նրանց ռուսական վիզավիները։ Կապրենք՝ կտեսնենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել