«Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցած ուժեղ պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով հարցաքննվել է 110 անձ։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։

Տեղեկացանք, որ հարցաքննվածների մեջ են Տեսչական մարմնից պաշտոնատար 3 անձ, ինչպես նաեւ Հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի պետը։

Վարույթով որպես տուժող է ճանաչվել 85 անձ, որոնցից 55-ը մարմնական վնասվածքներ ստացածներն են, 25-ը՝ ֆինանսական։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները դադարեցված են։

Ողբերգական պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 165-րդ հոդվածի 2-րդ մասով (անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելը)։

Նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվածները «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ փոխտնօրենը եւ պահեստը շահագործող երեք անձինք էին։ ՓԲԸ փոխտնօրենին եւ վարձակալին մեղադրանքը առաջադրվել է ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ պահեստը շահագործող անձանց՝ 165-րդ հոդվածի 2-րդ մասով։ 4 մեղադրյալներից 3-ը կալանավորվել են, ազատ է արձակվել «Երեւանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել