Փչան Հրաչիկը

Երևանի քաղաքապետարանը, որը, համաձայն վերջին տվյալների, դարձել է փող լվանալու հսկայական մի լվացքատուն՝ միլիարդների շրջանառությամբ, շարունակում է բեղուն գործունեության իմիտացիայի բեմադրումը՝ քաղաքաբնակների աչքերին «թոզ փչելով», իսկ «փչողի» դերում տվյալ պարագայում հանդես է գալիս Սարգսյան Հրաչիկը:

Պարզվում է՝ նա գտել է վարորդների մեջ մաքրասիրություն դաստիարակելու բանաձևը. խոսելով վարորդների կողմից երթևեկելի հատվածի աղտոտման համար նախատեսված 30000 դրամ կազմող տուգանքի մասին՝ Հրաչիկը հայտարաել է.«Ես կարծում եմ, որ եթե այդ 30000-ի փոխարեն 200000 լինի, այդ վարորդը, ենթադրում եմ, ամսական մի 200000 ստանալու է, ճի՞շտ է: Կարծում եմ՝ կմտածի՝ ոնց վարի, որ քաղաքը չաղտոտի»:

Բացի դա՝ Հրաչիկը, օրինակ, նոր գաղափար է առաջ քաշել՝ կապված քաղաքացիների տուգանվելու մասին ծանուցման նոր մեթոդների հետ՝ առաջարկելով մարդկանց հեռախոսներին ուղարկվող SMS-ների միջոցով ծանուցել այդ մասին:

Գումարած սրան՝ խոսել էր դպրոցներում առկա նկուղների ու նրանց սանիտարական վիճակի, շների կծելու և այլ թեմաների մասին՝ ինչ-որ աշխատողների ինչ-որ հանձնարարականներ տալով:

Կողքից դիտողի կամ երկրի ներքին իրավիճակի մասին բեխաբար մեկին կարող է թվալ, թե Հրաչիկը երազանքների քաղաքապետ է, քաղաքապետարանն էլ՝ իդեալական պետական օղակ, որի աշխատակիցների կյանքի նպատակը երևանցիների կյանքը մանրակրկտորեն բարելավելն է: Այնինչ իրականում նման շոուների քողի տակ, փաստորեն, երկիրը վարի է գնում, ու դրա համար որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:

Օրինակ՝մեկը գիտի՞, թե ով է «Սուրմալուում» կատարվածի համար պատասխանատվություն կրել մինչև այսօր: Բռնում-բաց են թողնում, հետո էլի բռնում, էլի են բաց թողնում, բայց այդպես էլ պատասխանատու մեկը չի գտնվում, որ կոնկրետ նստի: Տեղի է ունեցել արյունոտ, բայց անհայտ ծագման միջադեպ, որի համար դեռ ոչ ոք պատասխանատվություն չի կրել: Նման բան բնության մեջ լինո՞ւմ է, է՛լ չասած նորմալ երկրների մասին:

Քաղաքապետարանում թիվ մեկ ու, եթե կուզեք, միակ թեման հենց հիմա պետք է լիներ «Սուրմալուի» հարցը: Այդ հարցը պետք է թոփ թեմա լիներ նաև ուժային բոլոր գերատեսչություններում, ոչ մի պատասխանատու չինովնիկ հիմա պետք է քուն չունենար: Այնինչ տպավորութուն է ստեղծվում, թե պայթյուն ու զոհեր եղել են ոչ թե Երևանի սրտում, այլ ասենք պակիստանյան Փեշավարում:

Այս ամենը վկայում է քայքայված պետական ինստիտուտների ու դրանց ղեկավարների իրական որակի մասին: Մինչդեռ եթե նորմալ պետություն ունենայինք, ոչ թե պետք է խոսք լիներ 30000-ը 200000 դարձնելու մասին, այլ գոնե տուժածներին ինչ-որ օժանդակություն ցուցաբերելու՝ ցույց տալու, որ աշխարհի այս վայրում էլ պետություն գոյություն ունի, որի համար սեփական աղետյալ քաղաքացիների ճակատագրի հարցը դատարկ զրնգոց չէ:

Միակ բանը, որ դատարկությունից զրնգում է, որոշ չինովնիկների տձև գլուխն է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել