News.am-ը գրում է․

Անկարան մտադիր է դիմել ՆԱՏՕ այն պատճառով, որ Հունաստանն, իբր, С-300 համալիր է օգտագործել թուրքական F-16 կործանիչների դեմ, տեղեկացրել է Yeni Şafak թերթը՝ հղում կատարելով անվտանգության ծառայության բարձրաստիճան աղբյուրին։

«Դա (միջադեպը) քննարկվելու է ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի հետ հանդիպումներում։ Ինքնաթիռներում կա ձայնագրման սարք, եւ կան ձայնագրություններ, ապացույցները կհանձնվեն համապատասխան ատյաններին... Մինչ մեզ ասում են, թե դուք չեք կարող ռուսական արտադրության սպառազինություն օգտագործել, Հունաստանը հետապնդում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի ինքնաթիռներին... Տեսնենք, թե ինչ կասի ՆԱՏՕ-ն այս իրավիճակի առնչությամբ»,- պարբերականը մեջբերել է աղբյուրի խոսքերը։

CNN Türk հեռուստաալիքը կիրակի, հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրին, տեղեկացրել է, որ հունական կողմը գործադրել է С-300 ՀՕՊ համակարգեր՝ որսալու եւ ուղեկցելու համար թուրքական F-16-երին։ Դա տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թուրքական ինքնաթիռները գտնվել են Հռոդոսից արեւմուտք, մոտ երեք կիլոմետր բարձրության վրա։ Թուրքական ԶԼՄ-ները տեղեկացրել են, որ «չնայած այդ թշնամական գործողություններին՝ ինքնաթիռները կատարել են նախատեսված առաջադրանքները եւ բարեհաջող վերադարձել իրենց կայաններ»։

Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները կտրականապես հերքել են Թուրքիայի հավաստիացումները, թե Աթենքը գործի է դրել իր С-300-ները Կրետեում թուրքական F-16-ի դեմ, տեղեկացրել է newsbomb.gr պորտալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել