ArmLur.am-ը գրում է.

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից երկու շաբաթ անց իրավապահները երեկ հայտարարեցին 4 անձի ձերբակալման մասին։ ArmLur.am-ը պարզել էր, որ նրանցից մեկն առևտրի կենտրոնի փոխտնօրենն է, երեքը՝ պահեստը շահագործող անձինք:

«Սուրմալու»-ի փոխտնօրենին ու վարձակալներից մեկին մեղադրանք է առաջադրվել հրդեհային անվտանգության կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք։ Մյուս երկու անձինք մեղադրվում են անզգուշությամբ երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու համար։ Առաջադրված մեղադրանքներով ձերբակալվածներին սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում։

«Երևանի պահածոների գործարանը», որը շահագործում է «Սուրմալու» առևտրի կենտրոնը, պաշտոնական տվյալներով՝ մեկ սեփականատեր ունի՝ 86-ամյա Ռազմիկ Զախարյանը, որի հեռախոսը տեւական ժամանակ է՝ անհասանելի է:

Առ այսօր պայթյունի պաշտոնական միակ վարկածը շենքում պահվող մեծ քանակի հրավտանգ նյութերն են եղել։ Դեպքից անմիջապես հետո Քննչական կոմիտեն հորդորել էր քաղաքացիներին ոստիկանություն ներկայացնել հրավառության համար նախատեսված նյութեր, պարագաներ են, որոնք գնել էին «Սուրմալու»-ից, բայց չեն օգտագործել։ Սակայն Ժողովուրդ օրաթերթը գրել էր, որ այդ հայտարարությանը հետեւողներ չեն եղել:

Իրավապահներն այժմ մի քանի վարկածներ ունեն: Վարկածներից մեկն այն է, որ միգուցե առեւտրի կենտրոնում ապօրինի արտադրամաս է եղել, որը առնչվել է ոչ միայն հրավառ նյութերի, այլ հենց պայթուցիկ նյութերի հետ:

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ այս օրերին քննվում է այն վարկածը, որ պայթած շենքի նկուղային հարկում եղել է հրավառ նյութերի պատրաստման արտադրամաս՝ պայթուցիկ այլ նյութերի համակցմամբ, եւ իրավապահները ակտիվ քննում են այդ վարկածը: Ի դեպ, չի բացառվում, որ քրեական վարույթով անգամ հարցաքննված տնտեսվարողները նման տեղեկություն հայտնած լինեն իրավապահներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել