ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ԶԼՄ-ներով և սոցիալական հարթակներով շրջանառվող այն լուրը, թե  ՀՀ տարածքով Ադրբեջանի Հանրապետությունից դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային տրանսպորտով հնարավոր տարանցիկ ուղևորման դեպքում տարանցման ժամանակ ՀՀ տեղական և միջազգային նշանակություն ունեցող ճանապարհները փակվելու են, ինչով խոչընդոտվելու է Հայաստանի բնակիչների ազատ տեղաշարժը, չի համապատասխանում իրականությանը։

«Հայտնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից շրջանառության մեջ դրված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 703-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 3 նոր անցակետերի բացում, որոնցով հնարավորություն կընձեռնվի Ադրբեջանի Հանրապետությունից ավտոմոբիլային տրանսպորտով տարանցիկ ուղևորվել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։

Ներկայումս մշակման փուլում են գտնվում տարանցման հավանական (ավտոմոբիլային) երթուղիները և կարգը, որում Հայաստանի բնակչության, ինչպես նաև օտարերկրացիների ու վերջիններիս պատկանող տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար որևէ տեղական և/կամ միջազգային (միջպետական) նշանակության ճանապարհների փակում և/կամ այլ սահմանափակումներ չեն նախատեսվում», - ասվում է պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նախագիծ, ըստ որի՝ նախատեսվում է անցակետեր սահմանել հայ-ադրբեջանական սահմանի 3 կետում՝ Սոթքում («Քելբաջար»), Երասխում («Սադարակ») և Քարահունջում («Էյվազլի»)»։

Օգոստոսի 4-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանցիները մի քանի կետերով կարող են հատել ՀՀ սահմանն ու Նախիջևան հասնել և հանձնարարել էր ԱԱԾ-ին ապահովել դրա իրականցումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել