Armenpress.am-ը գրում է.

2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է հավաքել տեղեկատվություն բոլոր հնարավոր այն օբյեկտների մասին, որոնք ունեն պայթյունավտանգ նյութեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ ինքը փորձել է հաշվետվություն ստանալ տրված հանձնարարականի կատարման վերաբերյալ:

«Տեղեկատվությունը ամփոփվում է: Նաև պետք է հանձնարարեմ Պետական վերահսկողական ծառայությունը կոնկրետ իրականացնի ուսումնասիրություն և զեկուցի, թե իմ հանձնարարականը ինչպես է կատարվել»,- ասաց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում համապատասխան տեսչական մարմինը 2021 թվականի գարնանը կատարել է ստուգումներ և արձանագրել խախտումներ:

«Այս տեղեկությունը հայտնի է, բայց ամեն դեպքում ինձ անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն, թե բովանդակային առումով ինչպես է կատարվել հանձնարարականը: Այդ հանձնարարականը ժամկետով սահմանափակված չի եղել: Բեյրույթի պայթյունից հետո խնդիր է դրվել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանում նմանատիպ իրադարձություն տեղի չունենա»,- ասաց վարչապետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել