Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի բանակցություններ է վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ՝ Միջազգային անվտանգության մոսկովյան 10-րդ համաժողովի շրջանակում, որի ընթացքում քննարկվել է ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք քննարկելու բան ունենք, կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական, ռազմական համագործակցության հետ։ Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղում առաջադրանքներ կատարող մեր խաղաղապահ զորախմբի գործունեության հետ կապված հարցեր։ Մենք, ինչպես դուք, վստահ ենք, որ հիմնական կայունացնող գործոնը հրադադարն է շփման գծի ողջ երկայնքով», - բանակցությունների ժամանակ ասել է ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը։

Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ այսօրվա հանդիպումն արդեն երկրորդն է տարեսկզբից, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական երկկողմ դաշնակցային համագործակցության բարձր մակարդակը։

«Այս հանդիպումը շատ կարևոր է մեզ համար: Մենք բարձր ենք գնահատում հայ-ռուսական համագործակցության ձեռք բերված մակարդակը, ինչպես նաև Ռուսաստանի ներկայության դերը Հարավային Կովկասում»,- ասել է ՀՀ ՊՆ ղեկավարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել