Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ քննարկելով նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող հարցեր։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հանդիպմանը Շոյգուն նշել է․ «Մենք ունենք քննարկելու հարցեր, դրանց շարքում կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական ու ռազմական համագործակցության հետ։ Իհարկե, կան նաև հարցեր՝ կապված մեր խաղաղապահ կոնտինգենտի հետ, որն իր առջև դրված խնդիրներն է լուծում Լեռնային Ղարաբաղում։ Մենք նախկինի պես համոզված ենք, ինչպես և դուք, որ կայունացնող գլխավոր գործոնը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմն է»,- ասել է նա։

Շոյգուն շնորհակալություն է հայտնել «Բանակ 2022» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի և «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի բացմանը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար։

Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ օգոստոսի 16-ի հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական գործընկերային երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակը։

«Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Բարձր ենք գնահատում ռուս-հայկական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայության դերակատարումը»,- ասել է Պապիկյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել