«Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախօրեին տեղի ունեցած ուժեղ պայթյունի հետեւանքով անհետ կորած քաղաքացիների թիվը դարձավ 19-ը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Եվս մեկ քաղաքացի ահազանգել է «911» ծառայություն եւ հայտնել, որ իր հարազատը չկա։ Ենթադրվում է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում է։ Այս պահին ունենք հաստատված 19 անհետ կորած քաղաքացու մասին ահազանգ եւ հաստատված 6 զոհի մասին տեղեկատվություն»,- հայտնեց ԱԻՆ խոսնակը։

Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով բուժումը շարունակում է 13 տուժած։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Հիշեցնենք, որ նախօրեին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով կա 6 զոհ։ Զոհերի անունները հայտնի են՝ Միսակ Մարգարյան, Անահիտ Մխիթարյան, Ջեմմա Նազարյան, Անահիտ Խալաթյան, Վարդան Քոչարյան, Գայանե Ավետիսյան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել