Եթե իսկապես Արցախի նախագահն անկեղծ է

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արձանագրելով Ադրբեջանի կողմից նեկայումս տարվող քաղաքականության հիմնական նպատակները, հայտարարել է, որ պետք է զինվել ամուր համբերությամբ և չշեղվել Արցախի անկախության ուղուց, իսկ իշխանությունները շարունակելու են գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ առկա անվտանգային խնդիրների լուծման, բարեկեցիկ կյանքի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման և կայուն ապագայի երաշխավորման ուղղությամբ:

Հարությունյանի հայտարաությունները, իհարկե, ականջահաճո են թվում՝ չնայած շատ իմաստենրով հիշեցնում են պրոտոկոլային, ոչինչ չասող ինչ-որ տեքստ. Լաչինի միջանցքի շուրջ ընթացող պրոցեսներն ու հայկական բնակավայրերից հայ գյուղացիներին դուրս դնելը ոչ մի կերպ չեն համապատասխանում Հարությունյանի հայտարարությունների ոգուն:

Որքա՞ն է տեղի ունեցողում արցախյան իշխանությունների մեղքի չափաբաժինը, որքա՞ն՝ Նիկոլինը: Իրականում արցախցիների մեղքի չափաբաժինը կատարվողում կա՛մ չկա, կա՛մ էլ նվազագույն է: Արցախն առնվազը հեղափոխությունից հետո հայտնվեց Հայաստանի ուղիղ ճնշման տակ, և ոչ ոք չի մոռացել նոր-նոր իշխանության ղեկին հայտնված դեղնակտուցների վերաբերմունքը՝ Արցախի իշխանություններին դեռ Բակո Սահակյանի օրոք: Արցախին «նոր» Հայաստանը փաստացի միայնակ էր թողել, և դա ապացուցեց նաև 44-օրյա պատերազմը, երբ Նիկոլն այդպես էլ համազգային մոբիլիզացիա չհայտարարեց, զորքը չհամալրեց ու անհրաժեշտ չափով օգնություն Արցախին չտամադրեց:

Արայիկ Հարությունյանի կոչը՝ արցախցիներին, եթե անկեղծ է, ու իսկապես կա պայքարելու ցանկություն, ապա արցախյան իշխանությունների միակ անելիքն այս պարագայում պետք է լինի մեկը՝ Նիկոլի «դուդուկի տակ պարելուց» հրաժարվելը: Այդպես պետք է վարվեն ինչպես քաղաքական ղեկավարները, այնպես էլ գեներալիտետը, եթե ցանկանում են պահպանել իրենց հայրենիքը:

Միևնույն ժամանակ հարց է, թե իրենց այդ ձգտումներում արցախցիները բացարձակ միայնա՞կ են, թե՞ ասենք ի դեմս Ռուսաստանի կարող են ունենալ աջակից: Այս հարցին դժվար է պատախանել. եթե Բաքուն անցնում է ամբողջապես Թուքիային, ապա մեծ է հավանականությունը, որ Մոսկվան սատար կկանգնի անկախ Արցախի գաղափարին կամ առնվազը չի թույլ տա դրա ադրբեջաբացումը, եթե, իհարկե, կամավոր հիմունքներով չի մտադրվել լքել տարածաշրջանը: Եթե Կրեմլն ու Իլհամը լեզու գտնեն, ու Ադրբեջանն ամբողջությամբ անցնի ռուսական ազդեցության տակ, ապա խիստ դժվար է պատեկարցնել, թե ով է սատարելու Արցախի անկախական ձգտումներին, եթե Մոսկվայի միակ նպատակն է լինելու ընդամենն Արցախում իր ռազմաբազայի գոյության երաշխավարումը՝ անկախ այն բանից՝ Իլհամը կտա՞ կարգավիճակ Արցախին, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել