Հայաստանի անայլընտրանքային էներգիաի աղբյուրը

Ալիևի՝ Արցախի մասին արած հակահայ հայտարարությունները, որոնցում թշնամին Արցախի խնդիրը համարել էր բացառապես Ադրբեջանի ներքին գործը՝ հռետորական հարց բարձրացնելով՝ ի՞նչ կապ ունի Հայաստանը դրա հետ, լրջագույն հարցեր է առաջ բերում հայկական կողմի անելիքների վերաբերյալ: Իհարկե, տվյալ պարագայում «հայկական կողմ»-ի տակ պետք է նկատի ունենալ ոչ թե Նիկոլին, որ առավելապես ադրբեջանական կողմի շահերի նեկայացուցիչն է, այլ հավաքական հայությանը՝ նկատի առնելով ալիևյան մարտահրավերի գլոբալ բնույթը:

Պարզից էլ պարզ է, որ Նիկոլի հետ հույսեր կապել պետք չէ. նա վաղուց է «կիրթ մարդու» հետ լեզու գտել ու վերելակային պայմանավորվածությունների հանգել, և, բնականաբար, չի պատրաստվում դրանք խախտել: Մնում է երկու ճանապարհ. կա՛մ նույն այդ հավաքական հայությունը միավորում է ջանքերն ու վճռորոշ հարվածով գետնին փռում Նիկոլի իշխանությունն, ու իշխանության են գալիս հայրենասեր, ազգային ուժերը, կա՛մ արցախահայության ճակատագրի երաշխավորողի դերում հանդես է գալիս երրորդ կողմը՝ ո՛չ Բաքուն ու ո՛չ էլ Երևանը: Հարցն այն է, թե ով է այդ երրորդ կողմը:

Թվում է՝ հարցի պատասխանը միանգամայն պարզ է՝Ռուսաստանը: Բայց խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող երաշխավորել ուկրաինական պատերազմում ռուսների հաղթանակը. ՌԴ-ից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե աշխարհը կարող է բախվել միջուկային պատերազմի անխուսափելիությանը, բացաապես հետևանք են ռազմաճակատում տիրող ոչ միանշանակ իրավիճակի: Այլ կերպ ասած՝ կարող է գալ մի պահ, երբ ՌԴ-ն ստիպված լինի լքել Անդրկովկասն ու հանի իր զորքերը ոչ միայն Արցախից, այլև Գյումրիից: Ճիշտ է՝ շատերին կարող է այս սցենարը խիստ անհավանական թվալ, բայց առնվազը տեսականորեն դա չի կարելի բացառել: Հետևաբար՝ նման սցենարի դեպքում ի՞նչ տարբերակներ կան՝ Արցախը հայկական պահելու:

Այս հարցի պատասխանը նախևառաջ կախված է լիելու հայաստանյան իշխանությունների բնույթից. եթե Նիկոլն է մնում կամ նրան փոխարինում է իր պես մեկը, ապա շանս չունենք, եթե իշխանությունը վերցնում են ազգային ուժերը, ապա գուցե տվյալ պարագայում կառաջանա գոնե մշուշոտ հնարավորություն՝ բացառելու Արցախի հայաթափումը: Ճիշտ է՝ այդ հարցը միայն հայկական իշխանությունների բնույթից չէ, որ կախված է լինելու, քանզի էական դեր է խաղալու նաև տվյալ պահին ռեգիոնում ստեղծված աշխարհաքաղաքական դասավորությունը, բայց ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր կլինի մի բան անել:

Անկախ նրանից, թե որ ուժերը կլինեն դոմինատ տարածաշրջանում, առանց հայության հավաքական ներուժի անհնար է լինելու հաջողության հասնելը, և իշխանության հիմնական գործը լինելու է հենց այդ ներուժի օգտագործումն ու լիարժեք բացահայտումը, ինչը, իհարկե, դժվար գործ է՝ նկատի ունենալով ներկայիս իշխանությունների՝ հենց այդ ներուժի դեմ ծավալած գործունեությունը: Մի բան հստակ է՝ Հայաստանի ներքին ռեսուրսները կա՛մ սպառվել են, կա՛մ մոտ են սպառվելուն: Այս իրավիճակում այլ բան չի մնում, քան «էներգիայի» նոր աղբյուրների փնտրտուքը. աղբյուրը տեսնելի է, մնում դրանով լիցքավորվելու խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել