«Middle East Eye»-ի փոխանցմամբ՝ թուրքական դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը պատրաստ է այցելել Երևան՝ հանդիպելու Ռուբինյան Ռուբոյի հետ. Անկարան մտադիր է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները տեղափոխել Երևան ու Անկարա: Միաժամանակ հաղորդվում է, որ կողմերը, չտորպեդահարելու համար բանակցությունները, առայժմ զերծ են մնում բարդ թեմաներ արծարծելուց (նկատի է առնվում Ցեղասպանության հարցը), իսկ Հայաստանը հրապարակայնորեն հաստատել է, որ «թուրքական հողի» որևէ պահանջ չունի։

Միանգամայն հասկանալի է թվում Քըլըչի ցանկությունը՝ Ռուբոյի հետ հենց Երևանում կամ Անկարայում բանակցելու. Անկարան լուծում է միայնակ մնացած Երևանի հետ դիվանագիտական ռինգ դուրս գալու խնդիրը՝ հույս ունենալով՝ նվազեցնելու առաջին հերթին ռուսական ազդեցությունը ու վերահսկողությունը պրոցեսի վրա, քանի որ շատ լավ հասկանում է, որ ռուսական կողմն ամենաշահագրգռված սուբյեկտը չէ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման հարցում, քանզի այն ինքնաբերաբար թուլացնելու է Մոսկայի դիրքերը տարածաշրջանում: Այս հարցում Անկարան վայելում է Արևմուտքի աջակցությունը՝ փորձելով Հայաստանին գցել ծուղակը:

Ինչ վերաբերում է «թուրքական հողերի» հանդեպ հայկական պահանջների բացակայությանը, ապա սա վտանգավոր է այն առումով, որ կարող է պարարտ հող դառնալ՝ Թուրքիայի դրդմամբ պաշտոնական Երևանի կողմից Կարսի անօրինական պայմանագրի ճանաչման համար: Հիմա, իհարկե, դեռ դրա ժամանակը չի եկել, բայց կգա այնժամ, երբ սահմանները կբացվեն, ինչպես նշել է թուրք պաշտոնյաներից մեկը, Կարսը Հայաստանի տարածքով հասանելիություն կստանա Միջին Ասիային, կողմերը կմտնեն առևտրային բնականոն հարաբերությունների մեջ և այլն: Թրքացման ուղին բռնած Հայաստանին հետո դժվար չի լինի թելադրել սեփական կամքը:

Թուրքիան, իհարկե, լուծում է իր խնդիրները, և ոչ ոք չունի իրավունք՝ մեղադրելու Անկարային՝ սեփական ազգային շահերն առաջ տանելու համար: Հարցն այստեղ այն է, թե ի՞նչ խնդր է լուծում «նոր» Հայաստանը՝ թուրքերի «դուդուկի տակ պարելու» պատրաստակամություն հայտնելով այն դեպքում, երբ միանգամայն տեսանելի է Անկարայի հայադավ պլանը:

Նիկոլն է լուծում իր խնդիրները՝ դրսի տերերի մոտ պարզերես լինելու ու սեփական լեգիտիմության կեղծ շղարշը չպատռելու համար: Իշխանությունը զոհեր է պահանջում, և տվյալ պարագայում այդ զոհի դերում հանդես է գալիս հայկական պետականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել