168.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ելույթ է ունեցել Անկարայում անցկացվող Դեսպանների 13-րդ համաժողովին, որի ընթացքում անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմին ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Թուրքիայի նախագահի խոսքով՝ «Ադրբեջանի՝ օկուպացված հողերը վերադարձնելու գործընթացը» ցույց է տվել, որ «առանց գետնի վրա ուժեղ լինելու՝ սեղանի վրա ձեռքբերումներ ունենալը դժվար է»:

Էրդողանը հավելել է, որ ձեռք բերված համաձայնություններով՝ Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել:

«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր տարածություն ենք անցել Կովկասում տևական խաղաղության ճանապարհին: Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են:

Վարչապետ Փաշինյանի՝ Կուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- մասնավորապես նշել է Թուրքիայի նախագահը:

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը 168.am-ի հետ զրույցում հիշեցրեց՝ Էրդողանը հիշատակվող հեռախոսազրույցից հետո ևս նշել էր Փաշինյանի հետ «կառուցողական» զրույցի մասին, ինչը մտահոգությունների տեղիք էր տվել.

«Այդ «կառուցողական» որակումը վախեցրել էր ինձ, ու այդ օրերին բարձրաձայնել էի՝ գուցե էլի՞ ինչ-որ բաներ են հանձնվել Թուրքիային, քանի որ, եթե Թուրքիան գոհ է, նրանց համար «կառուցողական» է, ուրեմն մեզ համար «ապակառուցողական է»։ Ասել է թե՝ ինչ-որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, կամ անգամ՝ ստորագրվել:

Այժմ այդ պայմանավորվածությունները, սակայն, չեն կարողանում լիարժեքորեն ի կատար ածվել, որովհետև մի կողմից՝ Իրանը, մյուս կողմից՝ Ռուսաստանը խոչընդոտում են Հայաստանի և Թուրքիայի իշխանությունների գործարքներին»:

Թուրքագետն այդ ձգձգումների ուղիղ հետևանք է համարում կրկին նույն հարթակում՝ Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացման ժամանակ ԹՀ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի նախազգուշացում-սպառնալիքը:

«Այսինքն՝ Էրդողանն ասում է՝ մենք Նիկոլի հետ պայմանավորվեցինք, նա մեզ տալու է այն, ինչ ուզում ենք, մյուս կողմից՝ քանի որ ուշանում է պայմանավորվածությունը, սպառնում է. «բլիթ և մտրակ» մեթոդն է»,- հավելեց նա:

Ի դեպ, Տիրան Լոքմագյոզյանը հայ-թուրքական պայմանավորվածությունների առարկայացում է համարում կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանին և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ուղղված հանձնարարականը՝ ապահովել ադրբեջանցիների երթևեկությունը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Բանագնացների միջև նման պայմանավորվածություն կար արդեն, և հայտարարվել էր՝ սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար: Դրանք բոլորն իրար շաղկապված գործընթացներ են: Անգամ այն նոր ճանապարհը՝ Լաչինի այլընտրանքը, որ կառուցվում է, միայն մե՞զ համար է կառուցվում. իրենց երկրների քաղաքացիների համար է նաև»,- եզրափակեց թուրքագետը:

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Փաշինյանն ու Էրդողանը հեռավար զրույցում ակնկալիք էին հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտափույթ կյանքի կկոչվեն:

Հիշեցնենք նաև՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվածությունն էր ձեռք բերվել երկու հարևան երկրների սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումներ իրականացնել՝ օդային տրանսպորտով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել