Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը (ժողովին մասնակցում է նաև Բայրամովը) Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կրկին շոշափել է հայկական թեման ու ասել՝ արդարության օգտին հանդես եկող Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո շարունակում է ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն ապահովելու, համագործակցության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: «Մենք կրկին զգուշացնում ենք Հայաստանին հետագա սադրանքների անթույլատրելիության մասին»,-նախազգուշացրել է թուրք պաշտոնյան՝ վստահեցնելով՝ իրենց երկիրը ոչ մի երկրի թշնամի չէ:

Սա այն դեպքն է, երբ հնչած հայտարարությունները պետք է հասկանալ դրանց հակառակ իմաստով. հենց հիմա թուրքերն աշխատում են ադրբեջանցիների ձեռքով Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիայի մշակման վրա՝դրա համար նախապես մեղադրելով հայկական կողմին այնպես, ինչպես դա անում է ադրբեջանական կողմը՝ սահմանին իբր հայկական կողմից գրանցվող սադրանքների մասին անդադար կեղծ լուրեր հայտնելով մի դեպքում,երբ վերջին օրերին շարունակվող լարվածության միակ աղբյուրը Բաքուն է,որն իր զորքերը վերաբաշխում է Արցախի մնացյալ հատվածի երկայնքով՝ ուժեր կենտրոնացնելով նաև ՀՀ սահմանների մոտակայքում:

Միաժամանակ Չավուշօղլուի հայտարարություններն է՛լ ավելի չարագուշակ են թվում՝ նկատի ունենալով այն, որ դրանք, փաստորեն, հնչում են Պուտին-Էրդողան հանդիպումից ու դրան հաջորդած Էրդողանի հայտնի հայտարարություններից հետո:

Կա՛մ կլինի պատերազմ, ինչին ձգտում է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ Երևանը վերցնելու ակնկալիքով, կա՛մ մաս-մաս Արցախը զիջվելու է ազերիներին՝ չնայած ռուսական խաղաղապահների գոյությանն այնտեղ. Բերձորը դեռ սկիզբն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել