Ռուսաստանը՝ թուրքական ծուղակում

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը Հայաստանի վերաբերյալ բավական ուլտիմատիվ բնույթի հայտարարություն է արել՝ ասելով. «Եռակողմ համաձայնագրի ընդունումից անցել է գրեթե 2 տարի: Շատ կարևոր է, որ Հայաստանն անմիջապես կատարի այս պայմանները։ Առաջին հերթին մենք դատապարտում ենք հարձակումը, որը հանգեցրեց ադրբեջանցի զինծառայողի մահվան»: Ինչպես փոխանցում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը նաև ասել է, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է, իսկ Ադրբեջանը դեմ է իր տարածքում անօրինական զինված խմբավորումների առկայությանը:

Էրդողանը, որ ՌԴ-ի հետ պայմանվորվել է Ռուբլով առևտուր անելու մասին, ինչպես նաև Պուտինին հրավիրել իր միջնորդությամբ Զելենսկու հետ հանդիպման, ակնհայտորեն օգտվում է ՌԴ-ի ծանր վիճակից՝ նկատի ունենալով այն, որ Մոսկվայի համար չափազանց էական է դարձել թուրքական հարաբերական չեզոքությունը Ուկրաինայի խնդրում: Բացի այդ՝ ՌԴ-ն ի դեմս Թուրքիայի տեսնում է կարևոր գործըկերոջ՝ տարբեր ճանապարհներով կոմպենսացնելու արևմտյան պատժամիջոցները և այլն: Կարելի է արձանագրել, որ ՌԴ կախվածությունը Թուրքիայից բավական մեծացել է, ինչին ի պատասխան բնական է, որ Թուքիան էլ պետք է սեփական օրակարգի առաջխաղացման մասին հոգ տանի՝ իր լոյալությունը շատ կոնկրետ գնով վաճառելով Մոսկվային: Մեզ համար ցավն այն է, որ այդ գինը Կովկասում դարձել է Արցախը, որը ռուսներն ուզած-չուզած վճարելու են՝ նկատի ունենալով նաև հայաստանյան իշխանությունների բացահայտ թրքանպաստ կեցվածքը. Նիկոլը ոչ միայն դեմ չէ Արցախի պատառ առ պատառ հանձմանը, այլև անձամբ կարող է խփել դրա ստացականի չեկը, իսկ հաշվի առնելով այն, որ ռուսը չի կարող հայից ավելի հայ լինել, բնական է, որ Մոսկվան այս իրավիճակում առաջ է մղելու թեկուզ բացառապես այսրոպեական բնույթ կրող իր շահը,որը կարող է չհամապատասխանել մեր ազգային իղձերին. Կովկասը չպայթեցնելու գինն Արցախը խաղաղությամբ հանգչեցնելն է:

Թուրքիան Ռուսաստանին գցել է իր «բարեկամության» ծուղակը՝ հարավից հստակորեն կյանքի կոչելով արևմտյան «Անակոնդա» օպերացիան, իսկ հարցը, թե ո՞ւր է տանում թուրքական այս կեղտոտ խաղ, Մոսկվայի համար դեռևս այնքան էլ հրատապ չի թվում. ռուսները ժամանակ են շահում՝ ոտքի կագնելու հույսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել